«Ամեն ինչ անելու եմ, որ աշխարհին ցույց տանք հստակ փաստագրված իրական եղելությունը». Արման Թաթոյան
«Առաջին օրվա հրետակոծությունները անմիջապես Մովսես գյուղի հարևանությամբ էին, և մեր դիտարկումներով` ակնհայտ էր քաղաքացիական բնակչության կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու իրական վտանգը: Մենք ահազանգեր էին ստանում թե բնակչության կողմից, թե մամուլի մշտադիտարկումներով և թե պաշտոնական խողովակներով: Դրանից հետո ես հրատապ հարցմամբ կապ հաստատեցի պաշտպանության նախարարի հետ, ով հաստատեց տեղեկությունը, ու արդեն սկսեցինք միջազգային գործընկերներին տեղեկություններ փոխանցելու և զեկույցներ ուղարկելու գործընթացը»,-ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցող ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով այսօր առավոտվանից մշտադիտարկում էր իրականացնում Տավուշի մարզի` թշնամու կողմից հրետակածության ենթարկված համայնքներում:
Նրա խոսքով` շատ սերտ համագործակցություն է հաստատված Պաշտպանության նախարարության հետ, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ գործել, որովհետև իրենց աշխատանքի ուղղություններից է զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, և թեպետ իրենց այսօրվա այցը Տավուշի մարզ միտված էր քաղաքացիական բնակչության խնդիրների դիտարկմանը, սակայն զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցը նույնպես իրենց ուշադրության ներքո է:
«Հուլիսի 13-14-ին արդեն մեր դիտարկմամբ հրետակոծվում էին այլ քաղաքացիական բնակավայրեր, մասնավորապես` Բերդ քաղաքը, Չինարին, Այգեպար ու մի շարք այլ գյուղեր: Իհարկե, դրանից հետո կարևոր էր արագ իրականացնել այց, որովհետև փաստահավաք աշխատանքները պահանջում են տեղում արագ դիտարկում: Այս աշխատանքները բացառապես իրավապաշտպան սկզբունքներով են, չունեն քաղաքական կամ կառավարական հենք և ուղղված են քաղաքացիական բնակչության կյանքի, առողջության իրավունքների հետ կապված խնդիրների արձանագրմանը»,-նկատեց պաշտպանը:
Վերջինս նշեց, որ իր այցը սկսվել է մարզպետի հետ արդյունավետ քննարկմամբ, ինչից հետո առաջինն այցելել են Բերդ քաղաք, որովհետև այդտեղ հրետակոծությունն իրականացվել էր Տավուշ տեքստիլի ու Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի ուղղությամբ:
Արման Թաթոյանի խոսքով` խիստ դատապարտելի է, որ Քովիդ-19-ի համավարակի պայմաններում գնդակոծվում է դիմակներ արտադրող գործարան, և այս հարցը դիտարկվում է մարդասիրական սովորութային նորմերի խախտման համատեքստում:
«Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք դիտարկել են թռչող սարքեր, ինչը նշանակում է, որ նախապես ադրբեջանական կողմն իմացել է, որ այդտեղ կա ոչ ռազմական օբյեկտ և այն էլ առողջապահական նպատակներով գործող: Էլ չեմ խոսում, որ հրետակոծությունն իրականացվել է ցերեկային ժամի, որտեղ գտնվել են աշխատողներ, և ողջամիտ մեկնաբանությունը հիմք է տալիս մտածելու, որ խոսքը գնում է հենց թիրախային հրետակոծության մասին»,-ասաց պաշտպանը։
Արման Թաթոյանը նշում է, որ ամենամեծ վնասները հասցված են Այգեպար գյուղին, և այստեղ իրենք արձանագրել են 11 քաղաքացիական տուն, որոնք ենթարկվել են հրետակոծության, ու խոսքը գնում է այնպիսի արկերի մասին, որոնք ներսից պայթում են և բեկորների են վերածվում, ու դրանք այնպիսին են, որ ակնհայտ կարող են կյանքին ու առողջությանը վնաս պատճառել, այդ թվում` անվերականգնելի:
«Ներքին Կարմիրաղբյուր գյուղում արձանագրեցինք դեպքեր, երբ քաղաքացիական խաղաղ բնակչի տունը մեկ արկի պատճառով ամբողջությամբ քանդվել էր: Չինարիում էլ եղանք մի տանը, ուր այդ արկն ընկել էր, բայց չէր պայթել: Օրինակ, Այգեպարում դա ամբողջովին հրդեհել էր տունը, և ակնհայտ էր, որ եթե Չինարիում պայթեր, կարող էր ամբողջությամբ ավերակի վերածել այդ տունը»,- ասաց Արման Թաթոյանը:
Նրա խոսքով` իրենք արդեն մի քանի միջազգային զեկույցներ ուղարկել են, և այս մեկը լիելու է անմիջապես տեղում արված դիտարկումների վրա հիմնված. հստակ նշվելու է, որ այս բնակավայրերում ռազմական օբյեկտներ չկան, մոտ գտնվող ռազմական նշանակության օբյեկտներ էլ չկան, և պարզ է, որ սրանք թիրախային հարվածներ են քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Արման Թաթոյանը նշեց, որ այցերը կրելու են պարբերական բնույթ, բացի դրանից, իրենք մշտական կապի մեջ են տեղի քաղաքացիական բնակչության, մարզպետի ու Պաշտպանության նախարարության հետ:
«Որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, որպես անկախ պաշտոնատար անձ` ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի նախ և առաջ աջակցեմ մեր զինծառայողների իրավունքների շարունակական պաշտպանությանը, քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, և ինչն ամենակարևորն է այս իրավիճակում, որպեսզի մենք միջազգային հանրությանը, աշխարհին կարողանանք ցույց տալ և ցույց կտանք հստակ փաստագրված, պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքների վրա հիմնավորված իրական եղելությունը»,-եզրափակեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ իրենք կապի մեջ են նաև ադրբեջանական կողմում օրերս հայտնված մեր քաղաքացու հարազատների հետ: