
«ՀՀ զինված ուժերը, Արցախի ՊԲ-ն երբեք ոչ մի շանս բաց չեն թողել, երբ տեղին է այդ ամեն ինչը». Արծրուն Հովհաննիսյանը` դիրքերի բարելավման մասին

Վիրավորների առողջական վիճակում փոփոխություն չկա, մեկ վիրավոր շարունակում է մնալ ծանր. այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
Լրագրողների հետ հանդիպմանը նա ճիշտ չհամարեց անդրադառնալ վերցված դիրքի նշանակությանը` նշելով, որ որոշ պրոցեսների ընթացքում սխալ է դրա մասին խոսելը:
«ՀՀ զինված ուժերը, Արցախի ՊԲ-ն մշտապես փորձել են և իրականացրել իրենց համար բարենպաստ մարտավարական գործողություններ, բարելավել են դիրքերը, առաջնագիծը, ինժեներական կահավորում են իրականացրել: Եվ երբեք ոչ մի շանս բաց չեն թողել, երբ տեղին է այդ ամեն ինչը»,-շեշտեց ռազմական վերլուծաբանը: