
«Հայկական կողմը չի կիրառել իր ցամաքային սպառազինության ամենահեռահար և ամենամեծ տրամաչափերի միջոցները». Արծրուն Հովհաննիսյան

Մենք օգտագործել ենք մեր ցամաքային զորքերի սպառազինության մեջ գտնվող մի մեծ տեսականի. այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
«Իհարկե, խոսքը չի գնում ամենամեծ տրամաչափերի, ամենահեռահար միջոցների մասին: Ձեր բոլորի կողմից շատ սիրված, գովազդված շատ ու շատ միջոցների կիրառության անհրաժեշտությունը չի եղել, որովհետև կոնֆլիկտի ծավալները, մակարդակը մարտավարական են և լոկալ»,-շեշտեց նա` հավելելով, որ փաստացի մոտ 24 ժամ է, ինչ հրադադարը պահպանվում է:
Իսկ թե ինչով է այն պայմանավորված, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այն կարող է ունենալ և ռազմական, և այլ բաղադրիչ: