
«Պատրաստ ենք հակառակորդի ցանկացած բնույթի սադրանքի`լինի ցամաքային, թե օդային զորատեսակների». Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզի 5-6 բնակավայրի ուղղությամբ ավելի քան 50 հրետանային արկ է կիրառվել ադրբեջանական զինուժի կողմից: Տեղեկությունը Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ, հայտնեց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
«Ճիշտ է` պահպանվում է հրադադարի ռեժիմը, և գրեթե լիովին է պահպանվում, բայց մեր զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակորդի բոլոր զարգացումներին, և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի: Մենք պատրաստ ենք հակառակորդի ցանկացած բնույթի սադրանքի`լինի ցամաքային, թե օդային զորատեսակների: Պատրաստ ենք անհրաժեշտ հակահարված տալ, քանի որ տեսնում ենք բոլոր շարժերն ու գործողությունները»,-շեշտեց Հովհաննիսյանը: