Բաժիններ՝

Տոկիոյում COVID-19-ի սպառնալիքի մակարդակը հասել է առավելագույնի

Տոկիոյի իշխանությունները մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակի են բարձրացրել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մակարդակը՝ վարակվածների թվի՝ արդեն մեկ շաբաթ տեւող ամենօրյա ավելացման ֆոնին: Այդ մասին հայտնել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոյիկեն:

«Ներկա իրադրությունն այնպիսին է, որ, ես կարծում եմ, հարկ է նախազգուշացնել վարակի տարածման մասին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում: Տոկիոյի վարչակազմի հիմնական ուղեգիծը լինելու է բազմակողմ միջոցառումների նախատեսումը, ներառյալ թեստերի ու բուժման համակարգի ամրապնդումը, վիրուսի դեմ նախազգուշական պահանջների պահպանումը մայրաքաղաքային տարածաշրջանի բնակիչների ու բիզնեսի համար: Մասնավորապես, մայրաքաղաքի բնակիչներին կոչ կարվի խուսափել այն խանութներից, ռեստորաններից եւ բարերից, որոնք չեն պահպանում հակամիջոցները վիրուսի տարածումը կանխելու համար:

Քաղաքում կորոնավիրուսի թեստերի դրական արդյունքների թվի աճը, սկսած անցած շաբաթ օրվանից՝ հուլիսի 11-ից, անընդմեջ չորս օրվա ընթացքում գերազանցել է օրական 200-ը, իսկ հետո փոքր-ինչ նվազել է: Այդուհանդերձ, հուլիսի 15-ին Տոկիոյում գրանցվել է թեստերի 165 դրական արդյունք:

Ճիշտ է, ինտենսիվորեն աճում է նաեւ թեստերի թիվը: Կոյիկեի խոսքով՝ պլանավորվում է COVID-19-ի թեստերի թիվը Տոկիոյում ներկայիս 6,5 հազարից օրական հասցնել 10 հազարի՝ թեստավորման լրացուցի կետեր գործարկելով հետազոտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս