Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կսկսի COVID-19-ի դեմ «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը
Իրանի ընկերությունները հաջորդ շաբաթ կսկսեն «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը, որը պետք է օգնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործում: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սայիդ Նամաքին:
«Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ եւ ստուգված պատրաստուկ չկա, սակայն Եվրոպայում եւ Ամերիկայում հիվանդներին «Ռեմդեսիվիր» են նշանակում»,- մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը:- Այժմ երկրում այն բավականաչափ քանակությամբ կա, իսկ հաջորդ շաբաթվանից մենք կսկսենք դրա արտադրությունը»:
Նախարարի խոսքով՝ Իրանում նոր սահմանափակումներ են հայտարարվել, եւ, եթե դա արդյունք չտա, ապա դրանք կընդլայնվեն: Հուլիսի 15-ին ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Կորոնավիրուսի հետ կապված իրադրության սրման ֆոնին Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից սահմանել են դիմակների պարտադիր կրում հասարակական վայրերում, Թեհրանում մեկ շաբաթով դադարեցված է լողավազանների եւ մարզական ակումբների աշխատանքը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իրանում վարակվածների թիվը մեկ օրում առավելակետին է հասել մարտի 30-ին, իսկ այնուհետեւ սկսել է նվազել եւ կրճատվել է մինչեւ նվազագույնը (802):
Մայիսի 3-ից հետո այդ ցուցանիշը վերստին սկսել է աճել, իսկ հունիսի 4-ին հասել է ամենաբարձր մեծությանը (3 574): Մեկ օրում մահացածների առավելագույն թիվը (221) հանրապետությունում գրանցվել է հուլիսի 9-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: