ՍԱՏՄ ամենօրյա ստուգայցերը գոհացուցիչ արդյունք են արձանագրում
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը խստագույնս պահպանելու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ամենօրյա հորդոր-ցուցումները՝ ուղղված տնտեսավարողներին, տվել են ցանկալի արդյունք. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ընթացող ստուգայցերը սննդի շղթայի օբյեկտներում արձանագրել են նվազագույն թվով խախտումներ, իսկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի կազմակերպություններից որևէ մեկում խախտում չի հայտնաբերվել:
«Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված կանոնները առավելագույն ճշգրտությամբ պահպանված են եղել թե՛ խանութներում, թե՛ սննդամթերքի արտադրություններում, թե՛ հանրային սննդի կետերում:
ՍԱՏՄ մասնագետների նախորդ օրերին արձանագրած որոշ խախտումներ հիմք են ծառայել այսօր սննդի շղթայում գործող երկու տասնյակ տնտեսավարողների գործունեությունը կասեցնելու համար: Խախտումները հիմնականում առնչվել են գրանցամատյանները ոչ պատշաճ լրացնելու և անձանց միջև սոցիալական հեռավորություն չապահովելու խնդիրներին:
Տեսչական մարմնի առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի հետևել, որ կարգազանցության նվազման արձանագրված դինամիկան պահպանվի»,- ասված է հաղորդագրության մեջ: