
Մետրոպոլիտենը՝ երթևեկության փոփոխության, ուղևորահոսքի նվազման ու աշխատողների շրջանում վարակվածության դեպքերի մասին

Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են կատարվել. մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե՝ նախկին 6-7 րոպեի փոխարեն:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի» մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի փոխանցմամբ՝ խնդիրը միայն տեխնիկական է, հույս ունեն, որ մինչև շաբաթվա վերջ կկարգավորվի, կանցնեն հին ռեժիմին:
Հարցին՝ համավարակով պայմանավորված՝ որքա՞ն է նվազել ուղևորահոսքը, նա պատասխանեց՝ մոտ 8 անգամ:
Ինչ վերաբերում է աշխատողների շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերին՝ Երևանի մետրոպոլիտենի մամլո խոսնակը նշեց.
«Վարակվածության դեպքեր հիմնականում վարչական շենքում են եղել: Վարակակիրները ժամանակին մեկուսացվել են, դրանից հետո ախտահանող ընկերությունները եկել, շենքի հարկերը ախտահանել են հերթական անգամ, ու անցել ենք բնականոն աշխատանքի»:
Տաթև Խաչատրյանն ընդգծեց՝ ամեն գիշեր ախտահանվում են նաև գնացքները:
«Առավոտյան արդեն ախտահանված գնացքներն են մտնում գիծ: Պարբերաբար ախտահանվում է այն ամենը, ինչին դիպչում է մարդու ձեռքը: Բոլոր գնացքներում կան նաև ախտահանող նյութեր»,- հավելեց Մետրոպոլիտենի մամլո խոսնակը: