Բաժիններ՝

Տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և վերջինիս ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը, 2020թ. մարտի 4-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, չպարզված անձանց հետ նստել է Վանաձորի բնակչի կողմից վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան և վարորդից վերցնելով վերջինիս պատկանող բջջային հեռախոսը՝ պահանջել է նաև գումար:

Մերժում ստանալով՝ 30-ամյա տղամարդը, իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, ավազակությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարձակվել է նրա վրա, բռունցքով հարվածել դեմքին ու փորձել է հարվածել նաև դանակով, սակայն հարվածը նրան չի դիպել, քանի որ գործով ինքնությունը չպարզված անձանցից մեկը, որը գտնվել է ավտոմեքենայում, թույլ չի տվել:

Բացի այդ, միջադեպի ընթացքում, երբ տաքսի ավտոմեքենայի վարորդը պահանջել է հետ վերադարձնել իրեն պատկանող բջջային հեռախոսը, 30-ամյա տղամարդը ոտքերով դիտավորությամբ հարվածել և վնասել է «Օպել Զաֆիրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս