Բաժիններ՝

«Սա մեզ համար իսկապես նոր փորձառություն է»․ Սոնա Կարապողոսյան

Հուլիսյան օրերին ակտիվ աշխատանքներ է իրականացնում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը։ Հուլիսի 13-16-ն անցկացվող իրադարձության շրջանակում տեղի են ունենում կինոոլորտին առնչվող մասնագիտական քննարկումներ, աշխատարաններ։

GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը նշում է՝ արտադրական հարթակն անցկացվում է արդեն երրորդ տարին, և ամեն տարի իրականացման համատեքստում որոշ բարդություններ են լինում։ Այս տարվա խնդիրը, իհարկե, համավարակն էր, սակայն կազմակերպիչները կարողացել են ստեղծարար լուծում գտնել։

«Ուրախ եմ, որ կարողացանք թեկուզ օնլայն ձևաչափով իրականացնել GAIFF Pro ծրագիրը։ Սա մեզ համար իսկապես նոր փորձառություն է, քանի որ առաջին անգամ է նման բան տեղի ունենում օնլայն ձևաչափով։ Փորձել ենք մեր նպատակները հնարավորինս ադապտացնել առցանց հարթակների կանոններին: Այս օրերին ակտիվորեն կիրառում ենք Zoom-ը, ամեն կերպ աջակցում մասնակիցներին»,-ասում է նա։

Առցանց ձևաչափով փառատոնի արտադրական հարթակի անցկացումն իսկական մարտահրավեր էր, սակայն այս օրերին ընթացող միջոցառումները ցույց են տալիս, որ «Ոսկե ծիրան»-ի թիմը կարողացել է հաղթահարել դժվարությունները։

Մասնակիցները հետաքրքրությամբ մասնակցություն են ցուցաբերում օրակարգային միջոցառումներին։ Այս օրերին արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք մասնագիտական թրեյնինգներ, քննարկումներ «Ինչպե՞ս գովազդել ֆիլմը մինչ այն ավարտելը», «Ինչո՞ւ գտնել համարտադրողներ», «Փնտրելով ֆինանսավորման Եվրոպայում» և այլ խորագրերով։ Ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներն իրենց փորձն են կիսել GAIFF Pro-ի մասնակիցների հետ, խորհուրդներ տվել՝ առկա խնդիրների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար։

Թեմատիկ քննարկում է անցկացվել «Համաարտադրությունը փոքր պետություններում. Արևելյան Եվրոպա և Անդրկովկաս» խորագրով, որին ելույթ են ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի կինոոլորտի մասնագետները։ Համեմատական քննարկում է անցկացվել Ատոմ Էգոյանի «Օրացույց» և Կեկո Չելիձեի «Մեռած հոգիների արձակուրդ» ֆիլմերի շուրջ։

Միջոցառումների տեսակների և քանակի տեսանկյունից առցանց ու իրական GAIFF Pro-ների միջև գրեթե տարբերություն չկա, քանի որ այս ընթացքում կազմակերպվում են անհատական հանդիպումներ ընտրված նախագծերի և միջազգային կինոմասնագետների միջև, աշխատարաններ ընտրված նախագծերի համար, ինչպես նաև վարպետության դասեր, քննարկումներ և զրույցներ` նախատեսված հավատարմագրում ստացած բոլոր կինոմասնագետների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս