«Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի». Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Թալիշ և Մատաղիս համայնքներ, ինչպես նաև առաջնագիծ և ծանոթացել օպերատիվ իրավիճակին: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Հարգելի ՛ հայրենակիցներ, քիչ առաջ վերադարձա Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ և Մատաղիս համայնքներից: Հանդիպել եմ բնակչության հետ, լսել հուզող խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ: Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել եմ նաև առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ»,- գրել է Հարությունյանը:
Արցախի նախագահը վստահեցրել է, որ հայոց սահմաններն ամուր են:
«Վստահեցնում եմ, որ հայոց սահմաններն ամուր են և անառիկ: Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի»,- նշել է Արցախի նախագահը: