«Շատ կարևորագույն բարձունք է, այստեղից մենք կարող ենք խոցել Թովուզը». Գրիգոր Գրիգորյան
Ադրբեջանի կառավարությունը, ելնելով երկրի ներքին վիճակից և դրանից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով՝ դիմում է սադրանքների, անգամ՝ կորուստների գնով, ինչը նրանց մշտական գործելաոճն է:
168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ ադրբեջանական սադրիչ գործողություններին, որին հայկական կողմը պատասխանել է պատժիչ գործողություններով:
Ըստ նրա՝ արցախյան հատվածում ներկա պահին հանդարտ կլինի:
«Եթե հանդարտ էլ չլինի, ապա, իմ կարծիքով, հնարավոր է՝ արցախյան հարավային հատվածում ինչ-որ բաներ ձեռնարկեն՝ Մեղրիի ուղղությամբ: Եվ նաև այն փոքր տարածքը, որ մնացել է՝ նախիջևանյան, այդ հատվածում հնարավոր է գործողություններ սկսեն, որովհետև գիտենք, թե ովքեր են աջակիցները, որոնք նաև հրահրում են Ադրբեջանին: Բայց այստեղ, իմ կարծիքով, նման մի բան կա, ինչպես հին ասացվածքում է ասվում՝ երկուսը կռվում են, երրորդն օգտվում է»,- շեշտեց Գրիգորյանը:
Հարցին՝ ո՞վ է այս դեպքում օգտվելու՝ Թուրքիա՞ն, թե՞ Ռուսաստանը, ազատամարտիկն արձագանքեց. «Ռուսաստանը, բնականաբար: Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ էլ Նախիջևանը չեն եղել Ադրբեջանի մաս, երկուսն էլ առանձին ավտոնոմիա են եղել, առավելևս՝ չեն եղել, այսպես ասած, անկախ Ադրբեջանի մաս: Նախիջևանը հիմա փաստացի ոչ թե Ադրբեջանի ինչ-որ մաս է, այլ ավելի շատ Թուրքիայի հսկողության տիրույթում է, ինչը ռուսներին ձեռք չի տալիս: Դրա համար չի բացառվում, որ մի օր այնտեղ ռուսական բազա ունենանք»:
Ինչ վերաբերում է Տավուշի ուղղությամբ հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրք վերցնելուն կամ դիրքերի բարելավմանը, ազատամարտիկը նշեց, որ վերցվածը շատ կարևորագույն բարձունք է:
«Շատ կարևորագույն բարձունք է (Ղարա Դաշ- Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի շրջակայքում գտնվող բարձունքն է.- Մ.Պ), որն իրենց համար կորցնելը մեծ խնդիր է: Այստեղից մենք կարող ենք խոցել Թովուզը, այնտեղ ջրամբար կա, կարող ենք դրան խփել, շատ կարևորագույն տեղ է, լավ բարձունք է, որը պիտի պահվի»,- ասաց պահեստազորի գնդապետը: