Վրաստանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 999-ի, ապաքինվել է 13 մարդ:
Այդ մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:
«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 999 է, ապաքինվել է 870 մարդ, գրանցվել է մահվան 15 դեպք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարանտինի ռեժիմի մեջ է 5001 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո գտնվում է 219 պացիենտ:
Հուլիսի 13-ին առողջապահության նախարարությունում հայտնել են, որ ամսվա ընթացքում վարակման ավելի շատ դեպքերը հայտնաբերվել են այլ երկրներից ժամանած բեռնատարների վարորդների մոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 12,7 միլիոն դեպք, ավելի քան 566 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: