Բաժիններ՝

«Եթե մի բաժակ ծիրանի կոնյակ ունենայի, ձեզ կողջունեի, ջերմությամբ ու մետաֆիզիկորեն կգրկեի բոլորիդ և սիրով կասեի․․․»․ Գոդֆրի Ռեջոն

Էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բարեկամ Գոդֆրի Ռեջոն տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին, որում ափսոսանք է հայտնում, որ փառատոնն այս պահին տեղի չի ունենում։

«Ողջ կյանքս հարցերով տարված՝ խելագարի պես, թակում էի դուռը: Բացվե՛ց: Ես ներսից էի թակում»: Սրանք Ռումիի խոսքերն են, բայց կարծում եմ՝ ամենից շատ մեզ են վերաբերում: Մենք թակում էինք մեր դուռը, սեփական կյանքով էինք մտահոգված, բայց աշխարհը բացեց իր դուռը մեր առաջ: Եվ մենք տեսանք կրակի մեջ կլանված կրակը: Ռասիզմի կրակը, ցեղասպանության կրակը, COVID-19-ի ու բոլորիս վրա ազդող համավարակի կրակը: Գլոբալ տաքացման կրակը՝ կրակ, որ կլանում է բոլոր մնացյալ կրակները: Այս կրակներն արվեստի պես են, դժբախտություններ են, որոնք կարող են մեզ դաս տալ, միայն թե մենք լսենք: Ասես հեքիաթներ լինեն, բայց երևակայության մեջ չեն ծնվել, այլ մեր իրականի ֆանտազիաներն են: Անորոշության, առեղծվածների ու կասկածների այս օրերին մեզ՝ կինոգործիչներիս, հատուկ հնարավորություն է ընձեռվում: Կինոյի մետաֆորի կամ ավելի ճիշտ՝ մեգաֆորի միջոցով մենք հասկանում ենք նեգատիվի ուժի ահռելի նշանակությունը»,- տեսաուղերձում նշում է ռեժիսորը։

Գոդֆրի Ռեջոն շեշտում է՝ առանց նեգատիվի չկա պոզիտիվ: Նրա խոսքով՝ մենք շրջապատված ենք նեգատիվությամբ, սակայն այդ նեգատիվությունը, մեզ ճնշելու փոխարեն, պետք է արվեստի պես միջոց լինի տեսնելու այն աշխարհը, որտեղ ապրում ենք:

«Մենք կարող ենք նաև նայել մեր սիրելի մայր Հայաստանին՝ աշխարհի ամենաավագ դստրերից մեկին, որը վերապրել է բոլոր նեգատիվությունները, որ կարելի է պատկերացնել, բայց, միևնույն է, այստեղ է՝ իր ամենագեղեցիկ ու պոզիտիվ ձևով: Այդ իմաստով՝ դուրս գալով մեր դռներից՝ մենք կոչված ենք առաքյալ լինել՝ բառի ամենահիմնարար իմաստով, նրանք, ովքեր կոչված են թափառել, նրանք, ովքեր պետք է վկայեն այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Ու թեպետ բոլորս շատ դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, մենք, միևնույն է, չենք հուսահատվում, քանզի ցուցադրությունները փառատոնի կարևոր մասն են, բայց կինոյի հանդեպ սերն է ընկած նրա հիմքում: Մենք կինոյի սիրահարներ ենք: Մենք աշխարհը վերատեսնելու հզոր հնարավորություն ունենք:

Եզրափակելով՝ թույլ տվեք ասել, որ եթե մի բաժակ ծիրանի կոնյակ ունենայի, ես ձեզ կողջունեի, ջերմությամբ ու մետաֆիզիկորեն կգրկեի բոլորիդ և սիրով կասեի. «Մենք պատրաստ ենք, երբ պատրաստը պատրաստ է մեզ համար»,-ասում է ճանաչված ռեժիսորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս