
Ճապոնիայում հեղեղների և սողանքների հետևանքով շուրջ 60 մարդ է զոհվել. NHK

Գրեթե 60 մարդ է զոհվել եւ 16-ն անհայտ կորել Կյուսյու հարավ – արեւմտյան կղզում, որտեղ երեք օր շարունակ սաստիկ անձրեւներ են տեղացել: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության եւ փրկարարական ծառայությունների տվյալները:
Պաշտոնապես զոհվածների ցուցակում ներառված է 57 մարդ, եւս երկուսը համարվում են այպսպես կոչված սրտի եւ թոքերի կանգի վիճակում, քանի որ Ճապոնիայում մահն արձանագրելու իրավունք ունի սոսկ հատուկ բուժաշխատողը՝ սահմանված ընթացակարգով: Գործնականում բոլոր զոհվածները դարձել են տեղատարափ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների զոհեր:
Անձրեւաբեր ճակատը կտեղաշարժվի Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու կենտրոնական մաս՝ Նագանոյի եւ Գիֆուի պրեֆեկտուրաների շրջան: Այնտեղ հեղեղումների եւ լեռնային սողանքների սպառնալիքի պատճառով տարահանման հանձնարարակններ է ստացել ավելի քան 54 հազար մարդ:
Տեղացի փրկարարներին օգնելու համար աղետի գոտի է ուղարկվել շուրջ 20 հազար զինծառայող, հաղորդել է ՏԱՍՍ-ը: