«Կորոնան ընկել ա մեյդան, ու շատերը նեղվում են, դաժե էն 100 դրամը չունեն, որ էդ դիմակը առնեն». քաղաքացի
Այսօր առավոտյան հրապարակված տվյալներով՝ այս ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 29.285 դեպք, մահացել է 503 քաղաքացի: Կառավարությունը չի բացառում կրկին տոտալ լոք դաունի գնալու հնարավորությունը: ՀՀ-ում առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 16-ին, որը երկու անգամ երկարացվեց, և, ինչպես երեկ պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առնվազն մեկ անգամ էլ կերկարացվի։
Այս ընթացքում կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու նպատակով 22 ծրագիր ներկայացրեց, սակայն աջակցության կարիք ունեցող շատ քաղաքացիներ այդ ծրագրերից օգտվել չեն կարողացել ու հիմա փորձում են ինչ-որ կերպ լուծել կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրները:
168.am-ն Արմավիր քաղաքում փոքրիկ հարցում է անցկացրել, և մեր հարցերին պատասխանած քաղաքացիներից ոմանք նշում էին, որ օգտվել են որոշակի ծրագրերից, մի մասն էլ ասում էր, թե փորձում են մի կերպ «յոլա գնալ»:
«Կորոնան ընկել ա մեյդան, և շատերը նեղվում են, դաժե էն 100 դրամը չունեն, որ էդ դիմակը առնեն, որ կարողանան դուրս գան, փողոցում քայլեն, էթան իրանց առօրյա հոգսերը հոգան»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի ասաց, թե չափից դուրս շատ խնդիրներ են առաջացել, աջակցություն չեն ստացել:
«Գոյատևում ենք, չենք ապրում: Գոյատևում ենք, սիրելիս: Էսի ապրել չի, որ ժողովուրդը չկարողանան աշխատել, չկարողանան գումար վաստակել, դա ապրե՞լ է: Ամուսինս հիվանդության թոշակ է ստանում, ու ոչ մի տեղ ո՛չ դիմել ենք, ո՛չ էլ ստացել ենք: Գիտենք, որ դիմենք՝ անարդյունք է»,- նշեց նա:
Մեր հարցերին պատասխանած քաղաքացիների թվում էին նաև թոշակառուներ, որոնց խոսքով՝ թոշակը չի հերիքում, որ խնդիրները լուծեն:
«Խնդիրներ առաջացել են աշխատանքի բերումով: Սալոնում եմ աշխատում, խուսափում են, որ մոտենան, սպասարկվեն,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Մի մարդ էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, թե չնայած իր փոքրիկ խանութում առևտուր այժմ շատ քիչ է լինում, բայց «յոլա տանում ա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում