
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 6-ին ն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության ընթացիկ հարցերին, օրակարգային միջոցառումներին, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններին ու առաջիկա անելիքներին:
Զրուցակիցները քննարկել են ոչ ինքնակամ Ադրբեջանում հայտնված և անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արա Ղազարյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցեր, կարևորել Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը՝ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների անդամների հետ նամակագրության ապահովման նպատակով:
Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրների:
Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի ղեկավարին՝ պատվիրակության կողմից կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերին աջակցելու համար: