Դատարանում իմ պատասխաններից միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան. Արսեն Թորոսյան 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր վկայի կարգավիճակով հրավիրվել էր հարցաքննվելու Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով։ Դատական նիստին մասնակցելուց հետո Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե բավականին երկար պատասխանել է  կողմերի հարցերին:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դատարանում Արսեն Թորոսյանի արված հայտարարությունները սկանդալային էին, քանի որ մամուլն այդ մասին գրել էր, Թորոսյանն ասաց.

«Անկեղծ ասած՝ էդ սկանդալային որակումը ես չեմ կարող բնորոշել՝ սկանդալայի՞ն են, թե՞ չէ: Բայց կարծում եմ՝ նոր հանգամանքներ ի հայտ եկան միգուցե իմ պատասխաններից, որը դատարանը պետք ա որոշի՝ ինչ անի իրանց հետ: Ասել եմ, որ… էդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, և որոնք, հնարավոր ա՝ փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»:

Մամուլը նաև գրել էր, որ Արսեն Թորոսյանը որոշել է նպաստել, որ իր նախկին տեղակալի նկատմամբ հնարավորինս մեղմ դատավճիռ կայացվի:

Հարցին, թե ո՞ւմ օգտին են եղել Արսեն Թորոսյանի՝ դատական նիստի ընթացքում այսօր հայտնած տեղեկությունները, առողջապահության նախարարն ասաց, թե ինքը դատարան չէ, որ որոշումներ կայացնի:

«Ես որևէ մեկի օգտին ցուցմունք չեմ տալիս: Ես տալիս եմ հարցերին պատասխաններ, որոնք ճշմարտությունն են, իսկ դատարանն ինքը կորոշի՝ ով էր ինչքան մեղավոր և ինչ պատիժ է էդ մեղավորության համար հասնում»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Լրագրողների մեկ այլ հարցին, թե արդյո՞ք առողջապահության նախարարն ընդունում է, որ կարող էր իր ենթական կաշառք վերցրած լինել, որովհետև գործով մյուս մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը դատարանում ասել էր, թե կաշառք է տվել, Թորոսյանը պատասխանեց.

«Իմ ընդունելով ու ընդունելով չի, ես ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ՝ դրանք ապացուցող կամ հերքող, և դատարանն ինքը կորոշի՝ մեղադրանքը ճի՞շտ է, սխա՞լ է, նույն ծավալո՞վ էր, թե՞ այլ կերպ էր: Ես էն ժամանակ իմ հայտարարություններով դատապարտել եմ և անընդունելի եմ համարել նման գործելաոճը:

Եվ վերահաստատում եմ, որ որևէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ որևէ առողջապահության նախարարության աշխատակից,այդ թվում՝ փոխնախարար, չպետք ա մտներ և չպետք ա մտնի: Եվ նաև իմ հայտնած տեղեկատվությունը դրան էր վերաբերում, որ ես ինքս տարբեր բժշկական կենտրոնների տնօրենների հետ նման խոսակցություններ էի ունեցել և հորդորել էի մոռանալ նախկինում միգուցե արմանատավորված պրակտիկան և հեռու մնալ Առողջապահության նախարարության տարբեր աշխատակիցներից, տարբեր առաջարկներով, և ինչը նույն կերպ կատարվել է նաև Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ ուղղակիորեն իմ կողմից, այլ միջնորդավորված՝ ինչի մասին ես էսօր  վկայություն եմ տվել դատարանում»:

Հիշեցնենք, որ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, իսկ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին՝ Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու համար: Մեղադրանքի համաձայն՝ Արսեն Դավթյանը ստացած գումարի դիմաց խոստացել է բարձրացնել Հանրապետական ծննդատանը հատկացվող պետպատվերի ծավալը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս