Բաժիններ՝

«Խնդրում եմ, որ պարոն վարչապետը պատասխանի՝  այս պայմաններում, որտեղի՞ց գյուղացին գնի որակյալ և փորձված ցորենի սերմացու»․ «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ

Կառավարությունը հուլիսի 1-ին կայացած նիստի ժամանակ հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը: Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։

1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Ծրագիրը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 տոկոսով։

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը ողջունում է այս նախաձեռնությունը, սակայն մեկ հարց ունի՝ ինչո՞ւ են ծրագրից դուրս մնացել մինչ 1 հա ցանքատարածություն ունեցող  գյուղացիները։

«Եթե օգնում եք, ապա առաջին հերթին օգնեք աղքատ գյուղացիներին։ Սերմնացուի հարցով էլ, շատ կարևոր է, որ գյուղացին ձեռք բերի իրոք որակյալ սերմացու, իսկ սերմացուի որակը արտաքին տեսքից չի երևում։ Նախ, սերմացուն պետք է լինի զտված, տեսակավորված, ախտահանված վիճակում և պետական ստանդարտին համապատասխան։ Այն պետք է նաև համապատասխանի տեղի բնակլիմայական պայմաններին, այսինքն՝ մեր Հայաստանի պայմաններում կարողանա աճել և լավ բերք տալ»,- 168am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը։

Նրա խոսքով՝ սերմացուն նախօրոք պետք է փորձարկվի, որից հետո միայն կարելի է խորհուրդ տալ ցանելու համար։

«Նախկինում Գյուղնախարարության կազմում կային համապատասխան հիմնարկություններ, որոնք զբաղվում էին սերմացուի ծլունակությունը ստուգելով։ Սակայն մեկ գրչի հարվածով այդ հիմնարկները լուծարվեցին, և այսօր կանգնած ենք կոտրած տաշտակի առջև։ Այս առումով, պետք է ասեմ նաև, որ նախարարությունում այսօր աշխատում են հիմնականում ագրոնոմիայից հեռու մարդիկ, որովհետև նրանք պետք է վարչապետին ասեին, որ սերմը նախօրոք պետք է փորձարկել, հետո խորհուրդ տալ գյուղացիներին, որպեսզի գնեն և ցանեն։ Ոչ էկոնոմիկայի նախարարն է հասկանում սերմնացուից, ոչ էլ՝ նրա գյուղատնտեսության գծով երկու տեղակալները։ Գյուղացուն սերմացուն ցույց են տալիս, բայց նա չի կարող ասել, թե ինչպիսի բերք կստանա այդ սերմացուն ցանելուց։

Մի քանի տարի առաջ նմանատիպ փորձ եղել է։ Գյուղացիներին աջակցելու նպատակով նախորդ կառավարությունը 1 կգ-ը 400 դրամով Ռուսաստանից ներկրեց ցորենի էլիտար սերմանյութ։ Ես այն ժամանակ Գյուղնախարարության կոլեգիայի անդամ էի։ Հարցը քննարկվեց նաև նախարարության կոլեգիայի նիստում։

Նիստի անդամներին առաջարկեցի, որպեսզի սերմացուն տրվի 1հա-ից ավելի հողատարածք ունեցող գյուղացիների, սակայն այն տվեցին 15 հա և ավել հողատարածք ունեցող սերմարտադրողներին, 1 կգ էլիտար սերմի դիմաց, բերքի ժամանակ՝ 2 կգ, 1-ին վերարտադրության սերմ հետ վերադարձնելու պայմանով։ Ստացված 1-ին վերարտադրության սերմացու ցորենը տրվեց Արարատյան դաշտի գյուղացիներին՝ պայմանով, որ բերքահավաքից հետո 1 կգ սերմի դիմաց 1կգ ցորեն վերադարձնեն։ Սակայն, գյուղացիներին խաբել էին և ոչ ծլունակ ցորենի սերմանյութ էին տվել, որի պատճառով լավ բերք չստացվեց, աղմուկ բարձրացավ, դատական հայցեր եղան: Հիմա, խնդրում եմ, որ պարոն վարչապետը պատասխանի՝  այս պայմաններում, որտեղի՞ց գյուղացին գնի որակյալ և փորձված ցորենի սերմացու»,- նկատեց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս