ՀՀԿ-ն սկսեց բաց խաղ
Ցանկացած քաղաքական համակարգի համար առանցքային է ուժեղ կուսակցությունների գոյությունը: Էլ ավելի կարևոր է, երբ այդ կուսակցությունները պետությանը վերաբերվում են որպես սեփական տան և փորձում են ամեն ինչ անել հանուն բարօրության և կայացման։ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումից հետո շատ գործընթացներ են տեղի ունեցել, մեծ թվով ուժեր վերարժևորել են սեփական հնարավորությունները։
Նախօրեին տեղին ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ հերթական նիստը, որից հետո, ինչպես ընդունված է, հրապարակվեց ԳՄ պաշտոնական հաղորդագրությունը, որն իր բնույթով բավականին լուրջ ասելիք ունեցող կոդավորված փաստաթուղթ էր։
Փորձենք ապակոդավորել ՀՀԿ-ի ասելիքը մատչելի լեզվով։
Առաջին հայացքից այնպիսի տպավորություն էր, թե սա զուտ հերթական, իրենից խորքային ու բովանդակային ոչինչ չասող ձևական հաղորդագրությունն էր (որպես կանոն` նման հաղորդագրությունները հենց այդպիսին էլ լինում են), սակայն իրականում այն լի էր բազմաթիվ մեսիջներով և մի քանի վեկտոր պարունակող ուղերձներով՝ սկսած կորոնավիրուսի դեմ պայքարից մինչև միջազգային համագործացկության հարթակներ։
Նշենք, որ վաղուց ՀՀԿ-ն իր ԳՄ փակ նիստերից նման բաց «խաղաքարտերով» հաղորդագրություն չէր տարածել։ Այդ կարճ հաղորդագրության մեջ անդրադարձ էր կատարված ՀՀ-ում առկա բոլոր խնդիրներին, այդ թվում՝ քաղաքական օրակարգում գոյություն ունեցող հիմնահարցերին, ընդ որում՝ շատ հստակ ակնարկներով։
Հաղորդագրության մեջ հատուկ շեշտված էր, որ իշխանությունները տապալել են կորոնավիրուսային պայքարը և երկրում ստեղծված ճգնաժամի միակ հասցեատերը օրվա ղեկավարությունն է։ Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ ուղղակի սահմանադրական հեղաշրջում, և գործող քաղաքական ուժը բացահայտ ոտնատակ տվեց պետության մայր օրենքը։ Այս ֆոնին բավականին տպավորիչ էր Եվրոպայի ամենամեծ քաղաքական կառույցի՝ ԵԺԿ-ի կողմից հնչեցված ուղերձը և ներկայացված գնահատականները, որոնք ուղղակի փաստում էին ՀՀ-ում տեղի ունեցածը։
Հաղորդագրության մեջ ԵԺԿ-ն իր ափսոսանքն էր հայտնում Հայաստանում իշխող մեծամասնության կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ քվերակելու կապակցությամբ, չնայած այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովը ընդգծել էր, որ այն չի համապատասխանում իր առաջարկություններին։ Սա խոսում է այն մասին, որ չնայած երկրում իշխանության գլխին գտնվում է լրիվ այլ ուժ, ով չունի ոչ մի գաղափարական հենք ու միջազգային գործընկերների շրջանակ, ՀՀԿ-ն շարունակելու է իր միջազգային պարտնյորների հետ կառուցողական համագործակցությունը հանուն ՀՀ ժողովրդավարական կայացման և պետական ինստիտուտների ամրապնդման ու կայացման։
ՀՀԿ հաղորդագրության մեջ կարդում ենք, որ քննարկվել է «իշխանության բռնատիրումից» հետո ստեղծված իրավիճակը։ Այս կերպ բացահայտ նշվում է, որ 2018-ին տեղի ունեցած գործընթացները ոչ թե «հեղափոխություն» կամ «հեղաշրջում» էր, կամ թե չէ՝ «իշխանափոխություն», այլ դասական քաղաքական բեսպրեդել և երկրում սահմանադրական կարգի տապալում էր։
Այդպիսով, ՀՀԿ հանրությանը որոշակի ուղերձներ էր հղում։ Ակնհայտ է, որ կուսակցությունում որոշակի ստրատեգիական քայլեր են մշակվում և ՀՀ-ում արտակարգ դրության ավարտից հետո պատրաստվում են հստակ գործողությունների՝ պատրաստ լինելով քաղաքական դաշտում գործող տարբեր ուժերի հետ ձևաչափային տարբերակով հանդես գալուն։
ՀՀԿ ընդդիմադիր դաշտում առանցքային, իստիտուցիոնալ ու կայացած քաղաքական կառույց է, որում վերջին երկու տարիների ընթացքում բավականին լուրջ վերադասավորումներ են տեղի ունեցել: Եվ չնայած գործող իշխանությունների կողմից ամեն օր իրականացվող հրապարակային և ոչ հրապարակային հարձակումներին, միևնույն է, ակնհայտ է, որ առանց այդ քաղաքական ուժի մասնակցության որևէ լուրջ կոնսոլիդացիա հնարավոր չէ։
Արթուր Գալստյան