«Ունենք 593 նոր վարակակիր, 6 մահ, հոսպիտալացման է սպասում 11 հոգի». Թորոսյան

«Երեկվա դրությամբ Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 593 է՝ 2100 թեստերից։ Այսինքն՝ սկզբունքորեն տոկոսային առումով էական փոփոխություն չկա։ Դժբախտաբար, եղել է 6 մահ, 4 հոգի էլ մահացել է ոչ կորոնավիրուսից, սակայն նրանք նույնպես ունեցել են կորոնավիրուս։ Ընդհանուր կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 26.658, մահերի թիվը՝ 459»,- Կառավարության նիստի մեկնարկին  տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նաև հայտնեց, որ երեկ եղել են մեծաթիվ բուժված քաղաքացիներ՝ 473, իսկ ընդհանուր բուժվածների թիվը կազմում է 15036։

Առողջապահության նախարարի խոսքով՝ առողջապահական համակարգում իրավիճակը շարունակում է նույնը մնալ, այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն զբաղված են, չնայած բոլոր տեղերում կա ազատ 1-2 տեղ, որոնց հաշվին կարողանում են ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել։ Նրանց թիվն այսօրվա դրությամբ 650 է, որոնցից 44 հոգուն միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքեր։

«Այսօր ինքս այցելելու եմ Մարտունու և Սպիտակի բժշկական կենտրոնների համապատասխան բաժանմունքներ, որոնք հագեցած են լինելու անհրաժեշտ սարքավորումներով և, այս պահին ամենակարևորը՝ թթվածնային հագեցվածությամբ։ Այսօր ժամը 09։00-ի դրությամբ հոսպիտալացման են սպասում 11 հոգի, որոնցից 4-ը միջին ծանրության են, 7-ը՝ թեթև»,- ընդգծեց նախարար Թորոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս