Ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ ինքնաձիգ է հայտնաբերվել
Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարն ուղղված ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելուն։ Իրականացնում է թե բացատրական աշխատանք և թե օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ՝ բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանների միջոցառումների շնորհիվ օրերս ապօրինի հրազենի հայտնաբերման հերթական դեպքը գրանցվեց։
Հունիսի 29-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Նարեկ գյուղից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Նորաշեն գյուղի 41-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «ԱԿ-74» ինքնաձիգ և դատարկ փամփշտատուփ:
Նորաշեն գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Նշանակվել է փորձաքննություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններում այլ հանցակազմ չկա։