Բաժիններ՝

«Գոլոս Արմենիի» կայքի խմբագիրը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին. նախապատրաստվում են նյութեր

Հունիսի 26-ին լուր տարածվեց, որ «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի կայքէջն առավոտից չի աշխատում: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցել էր խմբագիրը՝ Ֆլորա Նախշքարյանը:

«Սկզբից հնարավոր չէր մտնել կայք, հիմա հնարավոր է, բայց կայքում ոչինչ չկա՝ սրբված է տվյալները, բազաները: Կայքը սպասարկողները փորձում են ինչ-որ կերպ վերականգնել, սակայն ոչինչ դեռ  չի ասվում՝ հնարավո՞ր է վերականգնել, թե՞ հնարավոր չէ:  Ի դեպ, ասեմ, որ մեկ ամիս առաջ նույն բանն էր, այսինքն՝ կոտրված էր կայքը: Սա «DDoS հարձակում» չէ, սա ուղղակի կոտրված կայք է: Այն ժամանակ ստացվեց վերականգնել, իսկ հիմա արդեն քանի ժամ է՝ չի ստացվում»,- ասել էր Ֆ. Նախշքարյանը:

Կայքի խմբագիրը կատարվածի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ին ու որևէ տեղեկություն հետագա օրերին չուներ՝ ի՞նչ ընթացք է տրվել իր հաղորդմանը, և միայն Հայաստանի ժուռնալիստների միության հետևողականության շնորհիվ Ֆլորա Նախշքարյանը տեղեկացվեց, որ այդ հարցում ԱԱԾ-ն անելիք չունի, խնդրով պետք է զբաղվի ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, և, որ դրա համար կայքի խմբագիրը ոստիկանություն հաղորդում պետք է ներկայացնի հանցագործության մասին:

Այսօր ոստիկանությունից տեղեկացանք, որ հունիսի 30-ին ժ.14:25-ին ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիրը հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 26-ին անհայտ անձը չպարզված եղանակով ապօրինի հասանելիություն է ստացել «Գոլոս Արմենիի» թերթի կայքի տվյալների շտեմարանին և ջնջել դրա որոշակի մասը, որի արդյունքում խափանվել է կայքի բնականոն աշխատանքը:

«Նախապատրաստվում են նյութեր»,- հավելեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս