«Մենք էլ շատ բան գիտենք իրենց անձնական կյանքի մասին, թե ընտանեկան կոմպլեքսները որտեղից են գալիս, բայց․․․». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու դատարանի որոշումն ունի մեկ նպատակ՝ փորձելու են նրա վրա ճնշումներ գործադրելով՝ ցուցմունքներ կորզել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ:

«Վստահաբար նման բան չի ստացվելու այն պարզ պատճառով, քանի որ Գագիկ Ծառուկյանի դեպքում ասել, որ տվել է փող և ձայն ակնկալել՝ չի կարող լինել:

Ի դեպ, 124  քննիչների հանել են իրենց գործերից և կցել միայն Գագիկ Ծառուկյանի գործը քննելուն: Կրկնում եմ՝ Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն անհեթեթ է և, ի վերջո, շարունակում եմ ասել, որ սա քաղաքական հետապնդում է Ծառուկյանի և ԲՀԿ-ի, նաև իմ հանդեպ: Վստահ եմ ասում, որովհետև քայլում եմ՝ ԱԱԾ-ն իմ հետևն է, մտնում եմ գեղեցկության սրահ, նրանք այնտեղ են: Անկեղծ, այն օրը խանութում կանացի պարագա էի առնում, ուզում էի շրջվել ու հարցնել՝ լա՞վ է, հավանո՞ւմ են: Ամեն ինչ անլրջացրել են, չնայած իմ հումորն ու լավատեսությունը չեմ կորցնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, եթե իշխանություններին թվում է, թե այս քրեական գործերով, շոուներով կարողանալու են իրենց վրայից գցել կորոնավիրուսային այս իրավիճակի հետ կապված պատասխանատվությունը՝ չարաչար սխալվում են, քանի որ, եթե ոչ՝ այսօր, ապա վաղը գալու է յուրաքանչյուրի պատասխան տալու ժամանակը:

«Ամենաանբարո բանը, որ այս իշխանությունն արեց և շարունակում է անել՝ այն է, որ հատեց «կարմիր գիծը»: Փոքր երկիր է, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, մենք էլ շատ բան գիտենք իրենց անձնական կյանքի մասին, թե ընտանեկան կոմպլեքսները որտեղից են գալիս, բայց համարում եմ նողկալի, երբ մտնում են մարդու անձնական կյանք: Որևէ իշխանություն իրեն թույլ չտվեց մտնել հակառակորդի անձնական կյանք, ինչն արեց այս իշխանությունը: Սրա պատասխանն իրենք դաժան են տալու»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս