Ինչո՞վ կավարտվի Կոնգրեսականների պայքարը հանուն ականազերծման ծրագրի․ Ինչո՞ւ Պետդեպը փոխեց ֆինանսավորման ուղղությունը
ԱՄՆ հայամետ կոնգրեսականները շարունակում են պայքարել Արցախում ամերիկյան ֆիաննսավորմամբ Արցախում իրականացվող ակազերծման ծրագրի ֆինանսավորման համար։ Օրերս ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի վիրտուալ հանդիպմանն առաջարկել է 1.5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին:
Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ քննարկվել են 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները:
Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, ովքեր գրավոր կերպով իրենց աջակցությունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:
Ամերիկահայ կազմակերպությունները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Շերմանին ու նրա գործընկերներին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում ականազերծման ծրագրի հարցը հնչեցնելու համար:
Կազմակերպություններն ընդգծել են ականազերծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և ծրագրի մարդասիրական բնույթը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չնայած հայկական լոբբիի ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։ Իսկ ավելի ուշ ԱՄՆ Պետդեպից հստակեցրին, որ ականազերծման ծրագիրը կփոխարինվի հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերով։
168․am-ի հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նախ նշեց, որ այս որոշման համար հիմք հանդիսացավ թե Թրամփի աշխատակազմին բնորոշ քաղաքականությունը և երկկողմ մակարդակում ինչ–որ փոփոխությունները։
«Ամերիկյան կողմը շատ երկրների համար է ֆինանսավորումը կրճատում, դրանում դեր են ունենում նաև երկկողմ հարաբերությունները և դրանցում ամերիկյան շահերը։ Այս դեպքում, ըստ հաշվարկի, եթե հնարավոր է ավելի գլոբալ նախաձեռնություն ֆինանսավորել, ապա նախընտրությունը կլինի նման ծրագրի օգտին, քան տեղային ծրագրի, ինչպիսին ականազերծման ծրագիրն է։ Չեմ բացառում, որ երկկողմ հարաբերություններում ևս կա կամ փոխըմբռնման պակաս, կամ պասիվություն»,- ասաց վերլուծաբանը։
Նա բացատրեց, թե որքանով արդյունավետ կարող են լինել կոնգրեսականների ջանքերը։ Ըստ նրա՝ քիչ հավանական է, որ ականազերծման ծրագիրը կվերականգնվի, երբ արդեն խոսվում է խաղաղությանը նպաստող ծրագրի մասին։
«Այստեղ հարկ է հասկանալ, որ այս ֆինանսավորման թիրախավորման հարցում առաջնահերթություն և նպատակ է փոխվել։ Ընդհանուր առմամբ և ականազերծումը, և մեր պատկերացմամբ՝ խաղաղությանը նպաստող ծրագրերը գրեթե նույն ուղղվածությունն ունեն, սակայն երկրորդ տարբերակն ավելի առարկայական շփմանն է նպաստելու, իսկ ականազերծումը տեղային գործողություն էր, որը ծառայում էր միայն Արցախին։ Խաղաղությանը նպաստող ծրագրերի առաջին փորձից հետո գուցե Միացյալ Նահանգները կայացնի այլ որոշումը և վերականգնի ականազերծման ծրագիրը։ Այս որոշումը կապ ունի նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի գնահատման հետ, իսկ թե կոնկրետ ինչ է հաշվի առնվել, չեմ կարող ասել։ Այնուամենայնիվ, դրականն այն է, որ կա պայքար այդ ծրագրերի վերականգնման համար»,- նշեց վերլուծաբանը։
Գերմանացի մեկ այլ վերլուծաբան՝ Ուվե Հալբախը, մեզ հետ զրույցում ասաց, որ խաղաղասիրությանը նպաստող ծրագրերի անցկացման ժամանակը ևս պետք է ճիշտ ընտրվի։
«Կարծում եմ, որ նման որոշում կայացվեց, քանի որ անցյալ տարի հաջողվեց մի քանի հումանիտար պրոյեկտ իրականացնել հակամարտող կողմերի միջև, սակայն դրանք ընդհատվեցին, քանի որ բանակցային առարկայական բազա չկար, այսինքն՝ կոնկրետ համաձայնություններ՝ բոլոր կողմերի և միջնորդների անկեղծ ցանկությամբ։ Այսինքն՝ մենք լսել ենք տեղեկություններ, որ ինչ-որ պրոյեկտներ են քննարկվել, ապա դրանք հերքվել են, ինչը նշանակում է, որ դա այնքան էլ լուրջ չէ, որի դեպքում խաղաղությանը նախապատրաստվելը չեմ կարող ասել, թե որքանով կարող է արդյունավետ լինել։ Նման ծրագրերը, ըստ իս, կարող են արդյունավետ լինել մի որոշ ժամանակ շարունակվող ամուր բանակցություններից հետո, երբ կողմերը կուրվագծեն կարգավորման շրջանակ ու համաձայնությամբ կընթանան այդ ուղղությամբ»,- ասաց վերլուծաբանը։