Բաժիններ՝

Վարդենիսցի աշակերտուհիները ստեղծել են առցանց դեղատուն՝ քաղաքի և շրջակա գյուղերի համար

ՏԵԽՆՈՎԱՑԻԱ 2020 միջազգային մրցույթին Վարդենիսի ավագ դպրոցի թիմի O-MEDshop հավելվածն անցել է կիսաեզրափակիչ փուլ։ Թիմը ստեղծել է առցանց դեղատուն՝ Վարդենիսի և շրջակա գյուղերի բնակիչներին օգնելու համար։

«O-Medshop բջջային հավելվածը ստեղծվել է Վարդենիսի ավագ դպրոցում 1,5 տարի առաջ բացված Արմաթ ինժեներական լաբորատորիայի սաներ Մարինե Գրիգորյանի, Դիանա և Լիանա Զաքոյանների կողմից, դե ես էլ, որպես մենթոր, հնարավորության սահմաններում աշխատել եմ ճիշտ ուղին ցույց տալ և օգնել խորհուրդներով»,- պատմում է խմբի մենթոր Շողիկ Բուդոյանը։

«Մենք Արմաթ ինժեներական լաբորատորիայի սաներ ենք, և մեր ուսուցչուհին՝ Շողիկ Բուդոյանն է մեզ առաջարկել մասնակցել այս միջազգային մրցույթին։ Մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք առաջարկը: Սկզբում թիմում 5 աղջիկներ էինք, բայց որոշ դժվարությունների առաջ կանգնելուց հետո թիմում մնացինք մենք՝ պատասխանատու աղջիկները, և հենց այստեղից առաջացավ մեր թիմի անվանումը՝ Responsible Girls:

Սկզբում շատ մտքեր ու գաղափարներ ունեինք և երկար ժամանակ չէինք կարողանում ընտրել գաղափարներից մեկը, որը կյանքի կկոչեինք։ Կազմակերպեցինք անգամ առցանց հարցում՝ ճիշտ գնահատելու համար, թե հատկապես որ խնդրի լուծումն է ավելի արդիական, և սկսեցինք լրջագույնս կենտրոնանալ հենց այդ խնդրի վրա: Ճիշտն ասած՝ առաջին անգամ էինք մասնակցում այս մրցույթին և մեծ սպասելիքներ չունեինք, բայց ամեն ինչ անում էինք լավագույնս ներկայանալու համար»,- պատմում են Լիանա և Դիանա Զաքոյանները։

Նախքան կոնկրետ հավելվածի վրա աշխատելը թիմը քննարկել է հետևյալ տարբերակները․

1․ Հիվանդների հավաքագրումը բուժհաստատություններում և ինֆորմացիայի տրամադրում՝ կոնկրետ բժշկի վերաբերյալ։

2․ Ինֆորմացիայի տրամադրում Վարդենիսում և շրջակա գյուղերում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ։

3․ Ինֆորմացիայի տրամադրում գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ

4․ Ինֆորմացիայի տրամադրում Վարդենիսի քաղաքային գրադարանի գրքերի վերաբերյալ

5․ Օնլայն դեղատուն:

Քննարկումների արդյունքում թիմը որոշել է ստեղծել օնլայն դեղատան բջջային հավելված, որն ունի իր նախապատմությունը։

«2019 թվականի հուլիսին սաներս մասնակցեցին տեխնոճամբարի, որտեղ շփվել էին մեծաքանակ գյուղաբնակ հասակակիցների հետ։ Սաներիս զարմացրել և անհանգստացրել էր նրանց ունեցած վերաբերմունքը բժշկության, դեղորայքի նկատմամբ, ինչպես նաև անվստահությունը տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ»,- պատմում է Շողիկ Բուդոյանը։

«Հավելվածի նպատակն է՝ օգնել այն մարդկանց, ովքեր տարատեսակ խնդիրների պատճառով (անկողնային հիվանդներ, տրանսպորտի խնդիր ունեցողներ, հեռավորություն, գումար) չեն կարողանում օգտվել դեղատներից և զբաղվում են ինքնաբուժությամբ։ Հավելվածի նպատակն է՝ օգնել Վարդենիսի համայնքում ապրող մարդկանց պատվիրել իրենց անհրաժեշտ դեղերը՝ առանց դեղատուն այցելելու` խնայելով ժամանակ և գումար»,- ասում է հավելվածի հեղինակներից մեկը՝ Մարինե Գրիգորյանը։

Ըստ թիմի ներկայացուցիչների՝ այդ հավելվածը կլուծի հետևյալ խնդիրները՝

1 Դեղատների անհասանելիությունը

«Վարդենիսում և հարակից գյուղերում դեղատները բաշխված են խիստ անհավասարաչափ։ Կան գյուղեր, որոնք դեղատուն չունեն»։

2Ժամանակի ճիշտ օգտագործում

«Մարդիկ, ծանրաբեռնված լինելով աշխատանքով, չեն հասցնում ճիշտ ժամանակին ձեռք բերել դեղորայքը»։

3Գումարի խնայողություն

«Եթե սեփական փոխադրամիջոցն առկա չէ, մարդիկ պետք է գումար ծախսեն դեղատուն գնալու համար»։

4 Առողջական վիճակ

«Առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից ելնելով՝ մարդիկ ի վիճակի չեն դեղատուն գնալ, ինչն էլ հանգեցնում է ինքնաբուժության»։

Խումբը, որը կոչվում է Reasonable girls, ունի հստակ բիզնես պլան, ըստ որի՝ հավելվածն առաջիկա հինգ տարում պետք է՝

  • Ընդգրկի ավելի լայն շրջանակ, նույնիսկ ԼՂՀ
  • Ունենա բանկային քարտով վճարելու հնարավորություն
  • Գրանցված հաճախորդներին տա հնարավորություն՝ միավորներ հավաքելու և լրացուցիչ զեղչերից օգտվելու համար
  • Դեղը շտրիխ-կոդով ընտրելու հնարավորություն
  • Տեղորոշի պատվիրատուին GPS-ի օգնությամբ
  • Առաջարկի անվճար առաքում

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս