Արսեն Առաքելյանի՝ թեստերի «փոքր շուկայի հետազոտության» և Արսեն Թորոսյանի թվային աճպարարության մասին

Օրերս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են, և, որ դրանք կվերցվեն օգտագործման` Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։

168.am-ի հետ զրույցում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանն ասել էր, որ արտադրվող թեստերի օրական խմբաքանակը, նախնական հաշվարկներով, կլինի 1500-2000 հատ: Թեստերի բուն արտադրության, որակի վերահսկողության, փորձարկումների փուլերում ներգրավված է 20 գիտաշխատող։

«ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին տրամադրվել են միայն ռեագենտներ և լաբորատոր պարագաներ, և ինստիտուտը թեստերի արտադրության հետ կապված որևէ գումար չի ստացել։ Արտադրված թեստերի վաճառք ինստիտուտը չի նախատեսում, դրանք տրամադրվելու են ՀՀ կառավարությանը»,- հավելել էր Առաքելյանը՝ պնդելով, որ թեստը վաճառելու մտադրություն չունեն և երբևիցե չեն ունեցել։ Այսինքն՝ պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար են օգտագործվելու:

Հանրային ռադիոյի հետ զրույցում արդեն Արսեն Առաքելյանը նշել է, որ պետությունն իրենցից դրանք ոչ թե գնելու է, այլ նյութերը գնել և տրամադրել է, որի դիմաց նույն քանակով կառավարությանը վերադարձնելու են թեստեր:

«Փոքր շուկայի հետազոտման արդյունքում մենք պարզել ենք, որ միջին արժեքը 10 դոլար է, իսկ մեր թեստի արժեքը շուրջ 2,5 դոլար է, քանի որ գործն անում ենք տարեկան բազային ֆինանսավորման շրջանակներում, և միայն նյութերի արժեքն է խնդիրը»,- հավեել է ՄԿԻ տնօրենը:

Նշենք, որ մինչև հիմա վարչապետի խոստացած 550.000 դոլարից ծախսվել է 250.000 դոլարը:

168.am-ի հետ զրույցում Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր (Professor in Virology Université de Montréal Canada) Լևոն Աբրահամյանն անդրադառնալով Արսեն Առաքելյանի վերջին մտքին՝ նրա նշած «փոքր շուկայի հետազոտությունն» իրավիճակի լուրջ վերլուծության համար բավարար չհամարեց:

«Տարօրինակ է, որ նման կարևոր ֆինանսական որոշումը չի կայացվել շուկայի մանրազնին ուսումնասիրությունից հետո, երբ այդ ժամանակ արդեն հարյուրավոր թեստեր հասանելի էին շուկայում, և դրանցից շատերի գինը 10 դոլարից ցածր էր: Այդ իսկ պատճառով՝ պնդումը, թե թեստերը 10 դոլարից ցածր չեն շուկայում, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, բոլորին հայտնի է, որ ԱՀԿ-ն և տարբեր բարեգործական կազմակերպություններ բաշխել են այդ թեստերը շուկայականի կես գնով: Սա շատ հեշտ է ստուգել: Երկրորդ՝ հայտարարվել էր, որ պետությունն այս նախագծի համար հատկացնելու է 550.000 դոլար: Հնարավոր է՝ նախագծի իրականացման ձգձգումների հետ կապված մամուլում հնչած քննադատական դիտողություններից հետո նախագծի հետագա ֆինանսավորումը վերանայվի: Մամուլում եղած հայտարարությունների համաձայն՝ այս նպատակով դեռևս տրամադրվել է 250.000 դոլար»,- նշեց վիրուսաբանը՝ հավելելով, որ դեռևս անհասկանալի է մնում՝ այդ թեստերը ռեալ կօգտագործվե՞ն կլինիկայում դիագնոստիկ նպատակներով, քանի որ, ըստ նրա, նախարար Արսեն Թորոսյանի և ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանի մեկնաբանություններն այս ուղղությամբ լղոզված են եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսորը կասկածի տակ էր դրել «առաքելյանական» թեստերի որակը, քանի որ դրանք փորձանոթների մեջ ձեռքի կաթոցիչով էին լցվելու, որի դեպքում կա և՛ ոչ ճշգրիտ լինելու, և՛ աղտոտման վտանգ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ, թեև Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, բայց 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ։

«Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6-10 տոկոս է։ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում, և վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն մատուցել։ Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ»,- ասել է նա:

Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Լևոն Աբրահամյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ համեմատություններ պետք է անցկացնել նախկին ԽՍՀՄ և հարևան երկրների հետ, մասնավորապես՝ Վրաստանի, քանի որ այս դեպքում առկա են աշխարհագրական, տնտեսական առանձնահատկությունների, մշակութային նմանություններ:

«Թորոսյանը գտնում է, որ ունենք մահացության ցածր ցուցանիշ: Այդպե՞ս է արդյոք, նայեք լայն հանրությանը հայտնի տվյալները. 1 միլիոն բնակչի հաշվով մահացության ցուցանիշով ՀՀ-ն աշխարհում 26-րդ տեղում է, Վրաստանը՝ 142-րդ, երբ կա ազգային «բնավորության» նմանություն՝ ավանդույթներ, խառնվածք: Բայց Թորոսյանը համեմատում է ՀՀ-ն Գերմանիայի հետ՝ 1 միլիոնի հաշվով՝ 108 մահ: Սա՝ այն դեպքում, երբ 1 միլիոն բնակչի հաշվով թեստերի քանակով ՀՀ-ն 64-րդ տեղում է, Գերմանիան՝ 40-րդ»,- մանրամասնեց Աբրահամյանը՝ ակնարկելով, որ ՀՀ առողջապահության նախարարի արածը ոչ այլ ինչ է, քան թվային աճպարարություն:

Տեսանյութեր

Լրահոս