«Շատ նորմալ զրույց ենք ունեցել». Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

«Ըստ էության, հիմնականում տեխնիկական հարցերի մասին բավականին երկար խոսեցինք, ես առաջարկեցի, որ այս «զրույցը» ձայնագրվի բջջային հեռախոսով: Իրենք նաև երևի ղեկավարության հետ մի քանի անգամ քննարկեցին, վկայակոչեցին կառավարության 2019 թ․ ապրիլի ինչ-որ մի օրենք, որտեղ նշված չի, որ արգելվում է, բայց նշված է, թե ով կարող է ձայնագրել»,- ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ ԱԱԾ աշխատակիցներին ներկայացրած օրենքը դատավարական պրոցեսին է վերաբերում:

Ռուբեն Հակոբյանը, համենայն դեպս, համոզիչ չի համարում ԱԱԾ-ում բջջային հեռախոսով ձայնագրելու արգելքը.

«Մենք հետաձգեցինք. հաջորդ անգամ ես փաստաբանի հետ կներկայանամ, երևի չորեքշաբթի կլինի դա, որոշակի նյուանսներ կան, տեխնիկական հարցեր կան, որոնք պետք է ճշտվեն»:

Հարցին, թե ինչո՞ւ է պահանջել ձայնագրություն, նա պատասխանեց. «Ես այս հիմնարկի հետ մի քանի անգամ կապ ունեցել եմ, և ես հավատում եմ այս… գնդապետներ էին՝ իրենց, բայց ժամանակը ցույց է տալիս, որ երբեմն կարող են խեղաթյուրված ներկայացնել զրույցը: Մի պարզ օրինակ բերեմ՝ համազգային մի դասալիք կա, որ վերջերս հանդիպել էր Նաիրի Հունանյանի հետ, դուրս է եկել և ըստ իր շահերի՝ ոնց ուզում, այնպես ներկայացնում է. օրենքի բաց կա, որովհետև եթե ինքը հանդիպել է և ներկայացնում է բաներ, որոնց մենք տեղյակ չենք, և կոնկրետ մարդկանց մեղադրում է ինչ-որ բան կազմակերպելու մեջ, պետք է քաղաքացին իրավունք ունենա ծանոթանալ այդ ամբողջ ձայնագրությանը, որ իմանա՝ ինչի մասին է խոսքը:

Սա օրենքի բաց է, և մյուս կողմից բարոյականության հարց է, որովհետև իրենք կարողանում են, ոնց որ այս դասալիքը կարողանում է օգտագործել իր շահերից ելնելով, կամ՝ իր քաղաքական պապաների հորդորների, պատվերների…»:

Նա ընդգծեց, որ միայն տեխնիկական հարցեր են քննարկել. «Օրենքի տառին համապատասխան՝ ինչպես մեր դասականը կասեր, շատ նորմալ զրույց ենք ունեցել, բայց խոսել ենք օրենքի կիրառման մասին»:

Հակոբյանը հայտնեց, որ ունի փաստաբան, որի հետ խորհրդակցել է մինչև ԱԱԾ գալը, թե ինչու նրա հետ չի ներկայացել՝ հարցին էլ պատասխանեց. «Չէի դիտում, որ փաստաբանի անհրաժեշտություն այսօր կլինի»:

Ռուբեն Հակոբյանը ԱԱԾ կներկայանա նաև չորեքշաբի օրը, ժամը 15։00-ին, բայց երեքշաբթի օրը լրացուցիչ պետք է պայմանավորվեն:

Հիշեցնենք, հունիսի 26-ին ՍԴ առջև ունեցած ճեպազրույցից հետո Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։ Ռ. Հակոբյանը ենթադրում էր, որ պատճառը հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում արտահայտված մտքերն էին, թե Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ Ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։
«Երեկ Սահմանադրական դատարանի առջև փոքր ճեպազրույց ունեցա,  և  որոշ  քննադատություն եղավ իշխանությունների հասցեին։ Ասեցի, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հակաօրինական միջոցներով,  հակասահմանադրական քայլերով բռնապետական ինչ-որ ձգտումներ ունի, ուզուրպացնում է իշխանությունը։ Ինքը հասարակությանը,  քաղաքական ընդդիմությանը պարտադրում է գործել ընդդիմության օրենքի դաշտում, բայց ինքը հակաօրինական անում է այն, ինչ անում է, այսինքն՝ թե՛ դատական, թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացրել է իր ձեռքում և, միայն օրինական ճանապարհով պայքարել դրա դեմ՝ այսօր դժվար է, և երևի պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանի  գործիքակազմից, որով ինքը կարողացավ իշխանության գալ պետական հեղաշրջման միջոցով»,- մինչև ԱԱԾ մտնելը  լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել էր նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս