«Եթե անհրաժեշտ է՝ պետք է գրավել Ռադիոտունը, ԱԱԾ մյուս օբյեկտներն ու վռնդել նրան իշխանությունից». Ռուբեն Հակոբյան

«Իսկապես պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Կարծում եմ՝ ՍԴ-ն այն մարմինն էր, որ իսկապես մարդավարի կարողացավ պայքարել իշխող ուժի դեմ. իշխող ուժ ասելով` պետք է հասկանանք մեկ հոգու: Այսօր մենք պետք է վարձահատույց լինեինք, որովհետև իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շատ ցինիկորեն հարձակվել է ՍԴ-ի վրա  և որևէ օրենք չի ճանաչում»,- Սահմանադրական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

Ռ. Հակոբյանի համոզմամբ՝ իշխանությունն օգտագործում է կորոնավիրուսը  հակաօրինական օրենքներ ընդունելու, Սահմանադրությունը ցեխաջրի մեջ գցելու համար, բայց հասարակությանը պարտադրում են ենթարկվել արտակարգ դրությանը՝ առանց արտակարգ ինչ-որ քայլեր անելու, հենց ժողովրդին այս համաճարակից հեռու պահելու համար.

«Ես կարծում եմ՝ իսկապես ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի, այո՛, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց Ռադիոտունը: Ցավոք սրտի, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի սահմաններում իշխանությունը փոխել հնարավոր չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հակաօրինական դաշտում է գործում: Եվ ինչպես ինքն իրականացրեց պետական հեղաշրջում, անշուշտ, նաև այդ ժամանակ գործող իշխանությունների որոշ ուժային ստրուկտուրաների հետ միասին, հիմա պետք է ուղղակի զբաղվել հենց պետական պահպանության օբյեկտները գրավելով` դա կլինի Ռադիոտունը, կլինի ԱԱԾ պետական պահպանության տակ գտնվող մյուս օբյեկտները, այո՛ պետք է գրավել և իրեն վռնդել այս իշխանությունից: Իրենք այսօր պետությունը տանում են դեպի ոչ մի տեղ, կամ ավելի ճիշտ՝ տանում են դեպի կործանում:

Կարծում եմ՝ ժամանակն է, որ ընդդիմությունն իսկապես ադեկվատ քայլեր անի, կներեք, բայց էդ նվնվոցները, որ հակաօրինական, հակասահմանադրական քայլեր են ձեռնարկվում, և այլն, հասկացա՛նք: Մենք դա ասում ենք, նա էլ ասում է՝ թքած ունեմ այդ օրենքների վրա, թքած ունեմ Սահմանադրության վրա,  իմ ընտանեկան կապալը որոշում է այսպես ապրել, իմ ընտանեկան կապալը գտնում է, որ պետք է մաքսանենգությամբ զբաղվի, ծխախոտի, ադամանդի, զենքի, և ինքը կարողացել է այսօր իրավիճակ ստեղծել, որ պարտադրում է ժողովրդին, որպեսզի հակաօրինական դաշտում ապրի կամ ենթարկվի իրեն»:

Նախկին պատգամավորը խոսեց համարժեք քայլերի անհրաժեշտության մասին՝ վերահաստատելով միտքը, թե առաջիկայում պետք է գրավել բոլոր պետական պահպանության օբյեկտները: Լրագրողի հարցին, թե կգտնվե՞ն նման մարդիկ, նա պատասխանեց.

«Կարծում եմ՝ կգտնվեն։ Ինքն իսկապես բռնապետի կերպարը կարողացավ ստեղծել, ինքը հոգեկան անհավասարակշիռ անձանվորություն է, իսկապես այս մարդը հոգեկան խնդիրներ ունի, ինչը լուրջ վտանգ է պետության համար: Ստացվում է՝ 30 տարի պայքարել եմ թե՛ ՀՀՇ-ի վարձկանների և խուլիգանների դեմ, թե՛ հանրապետականների, որ բերենք, իշխանությունը հանձնենք ինչ-որ հոգեկան շեղվածություն ունեցող մարդու, որ պետությունը պատկերացնում է իր ընտանեկան համքարությունը»:

Ռ. Հակոբյանը նշեց նաև, որ ժողովուրդն այսօր վախեցած է ապրում. «Ժողովուրդը երբեք այսքան վախեցած չի եղել. շատ երկար տարիներ քաղաքականության մեջ եմ՝ այսչափ վախեցած… մարդիկ իրար հետ տանը խոսում են, հեռախոսները թաքցնում են»:

Դիտարկմանը, թե վարչապետն ասում է, որ ժողովրդավարություն և սեր է վայելում և վախի մթնոլորտ չկա, նա արձագանքեց. «Գողը միշտ բղավում է՝ բռնեք գողին։ Ինքը գողացել է ժողովրդի ազատությունը, իրավունքը, գողացել է Սահմանադրությունը, ինքն այդ ամեն ինչն արել է, որ կարողանա անել այն, ինչ այսօր անում է: Պատահական չէ՝ եթե ուշադրություն դարձրել եք, միշտ նախահարձակ է լինում: Երեկ, օրինակ, իր ելույթն էի լսում. ԱԺ-ում մեկ էլ էդ տրանսգենդերն էդպիսի ելութ ունեցավ, ուղղակի ի տարբերություն նրա՝ իր ձայնն ավելի ղժղժան էր: Ես ամաչեցի, ես շատ երկար ժամանակ եղել եմ ԱԺ-ում, նման ելույթ նույնիսկ էն հաստավիզների կողմից չեմ լսել:  Դա ելո՞ւյթ է, մատ է թափ տալիս, ասում է՝ մենք արդեն որոշել ենք՝ ով պիտի գա իշխանություն, հետո դրանից առաջ ասել էր, որ ընդդիմության հետ հարաբերվելու միակ ձևը չափալախն է լինելու, վիզ կտրելն է լինելու, տո դու ո՞վ ես: Մի 5 կարդոնով իրեն շրջապատել է անվտանգության գոտիներով և էդպիսի բաներ է անում»:

Տեսանյութեր

Լրահոս