Ուղեվարձը նախնական 200 դրամ պետք է լինի․ Հայանիստ և հարակից բնակավայրերի բնակիչների հարցը լուծման ճանապարհին է
Արարատի մարզի Հայանիստ և հարակից բնակավայրերի բնակիչները հունիսի 25-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ 35 համարի ավտոբուսը, որը սպասարկում էր Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփար և Հայանիստ համայնքները, մայիսի 18-ից այլևս գյուղեր չի մտնում։
Հարցը կարծես թե լուծվում է։
Հայանիստի համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանը 168․am-ին հայտնեց, որ մեկ շաբաթից ավտոբուս կլինի, այդպես են ասել։
«Քաղաքային տրանսպորտը, որ գալիս էր տարբեր գյուղեր, այլևս չի լինի։ Կլինի նոր ավտոբուս, որն առայժմ ժամը մեկ կաշխատի։ Ուղեվարձը նախնական 200 դրամ պետք է լինի, բայց տեսնենք, կարո՞ղ ենք խոսել, որ գոնե 150 դրամ լինի։ Պայմանավորվել ենք, որ ավտոբուսը նորմալ պետք է աշխատի»,- ասաց Հայանիստի համայնքապետը։
Բնակիչներն էլ, ովքեր հունիսի 26-ին հանդիպել են համայնքապետարանում՝ փոխանցեցին, որ ավտոբուսը Հարավ-Արևմտյան թաղամասով հասնելու է մինչև 3-րդ մաս։
«Խնդրեցինք, որ գոնե 200-ի փոխարեն 150 դրամ լինի ուղեվարձը, որովհետև կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում ժողովրդին ձեռնտու չէ այդքան վճարելը»,- նշեցին նրանք։
Ավելի վաղ զրուցել էինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանի հետ, ով անդրադառնալով խնդրին՝ ասել էր․ «Հիմա, որպեսզի խնդիրն արդյունավետ լուծենք՝ քննարկել և փոխադրողի հետ եկել ենք համաձայնության, որ փոխադրումների համար նաև ավտոբուս ներգրավվի՝ արդեն ոչ թե Ջրառատից կամ հարակից գյուղից, այլ՝ Հայանիստից։ Ուղղակի բնակիչները խնդրեցին՝ հնարավորության դեպքում այդ երթուղին անցնի Հարավ-Արևմտյան թաղամասով՝ մինչև կենտրոնական ավտոկայան հասնելը։ Եվ, քանի որ օրենքի պահանջ է՝ Երևանի վարչական տարածքով անցնող ուղեգիծը պետք է համաձայնեցվի Քաղաքապետարանի հետ, կփորձենք համաձայնեցնել, և, եթե հնարավոր եղավ, թույլ կտանք, որպեսզի երթուղին նաև Հարավ-Արևմտյան թաղամասով անցնի»։