
«Չգնալու պատճառ չունեմ. Հրավիրելու պատճառն էլ բոլորիդ հայտնի է». Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ

«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Պատճառը երեկ Սահմանադրական դատարանի բակում հնչեցրած իր մի քանի հայտարարություններն են։
«Ես 14։00-ին պետք է լինեմ ԱԱԾ-ում, անպայման գնալու եմ, չգնալու պատճառ չունեմ։ Այս պահին միայն այսքանը կարող եմ ասել։ Հրավիրելու պատճառն էլ բոլորիդ հայտնի է՝ երեկ ՍԴ-ի մոտ մի քանի հայտարարությունների հետ կապված պարզաբանում պետք է տամ, այսքանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ռուբեն Հակոբյանը մասնավորապես ասել էր.«Ես կարծում եմ՝ իսկապես ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի, այո՛, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց Ռադիոտունը: Ցավոք սրտի, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի սահմաններում իշխանությունը փոխել հնարավոր չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հակաօրինական դաշտում է գործում: Եվ ինչպես ինքն իրականացրեց պետական հեղաշրջում, անշուշտ, նաև այդ ժամանակ գործող իշխանությունների որոշ ուժային ստրուկտուրաների հետ միասին, հիմա պետք է ուղղակի զբաղվել հենց պետական պահպանության օբյեկտները գրավելով` դա կլինի Ռադիոտունը, կլինի ԱԱԾ պետական պահպանության տակ գտնվող մյուս օբյեկտները, այո՛ պետք է գրավել և իրեն վռնդել այս իշխանությունից: Իրենք այսօր պետությունը տանում են դեպի ոչ մի տեղ, կամ ավելի ճիշտ՝ տանում են դեպի կործանում:
Կարծում եմ՝ ժամանակն է, որ ընդդիմությունն իսկապես ադեկվատ քայլեր անի, կներեք, բայց էդ նվնվոցները, որ հակաօրինական, հակասահմանադրական քայլեր են ձեռնարկվում, և այլն, հասկացա՛նք: Մենք դա ասում ենք, նա էլ ասում է՝ թքած ունեմ այդ օրենքների վրա, թքած ունեմ Սահմանադրության վրա, իմ ընտանեկան կապալը որոշում է այսպես ապրել, իմ ընտանեկան կապալը գտնում է, որ պետք է մաքսանենգությամբ զբաղվի, ծխախոտի, ադամանդի, զենքի, և ինքը կարողացել է այսօր իրավիճակ ստեղծել, որ պարտադրում է ժողովրդին, որպեսզի հակաօրինական դաշտում ապրի կամ ենթարկվի իրեն»։
Հիշեցնենք նաև, որ երեկ Սահմանադրական դատարանի մոտ մի շարք իրավապաշտպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել առ այն, որ ՍԴ-ն գործադիրի և օրենսդիրի կողմից զավթվել է։
Նշենք, որ 22-ին խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը միաձայն ընդունեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, ըստ որի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ՍԴ երեք անդամներ պետք է լքեն իրենց պաշտոնը։