Բաժիններ՝

Փաշինյանը՝ ԱՆ-ում մշակվող նոր օրենսդրական փաթեթի մասին

Առողջապահական համակարգն արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում: Այս մասին տեղեկացրել էր Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթ է մշակվում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։

«Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու Առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։ Փոփոխության համաձայն՝ Առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: Նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձևից) անցնում է Առողջապահության նախարարությանը»,- ասված էր նախարարության տարածած հայտարարության մեջ:

Պարետատան նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադառնալով նախարարության կողմից մշակվող այս փաթեթին և պատասխանելով հարցադրումներին՝ արդյոք հե՞շտ կլինի գտնել նոր կառավարիչների՝ հաշվի առնելով, որ հանրապետությունում այդքան շատ մասնագետներ չկան, և որքանո՞վ որոշումը կազդի վարակակիրներ թվերի նվազեցման վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Հիմա այդպիսի գործողությունների կարիք չկա, որովհետև մեր բոլոր բժշկական կենտրոնները շատ ակտիվ համագործակցում են Առողջապահության նախարարության հետ, Կառավարության հետ և բարձր մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները: Պարզապես, երբ կոնկրետ իրավիճակ է  ծագում,  և մասնագետներն ուսումնասիրում են կառուցակարգերը, ընթացակարգերը, փորձում են ի հայտ բերել զուտ օրենսդրական այն բացերը, որոնք կարող են գոյություն ունենալ տեսականորեն իրավիճակներում, և այդ փոփոխությունն ընդամենը օրենսդրական մեխանիզմ է՝ ամբողջացնելու նպատակ ունի: Մենք այսօր չունենք որևէ կոնկրետ իրավիճակ, մինչև այս պահն էլ չենք ունեցել, երբ այդ գործիքը կիրառելու անհրաժեշտություն կունենանք. այստեղ ընդամենը օրենսդրությունը և օրենսդրական մեխանիզմները կատարելագործելու մասին է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս