Կառավարության մի ամբողջ տարվա, մեղմ ասած, անարդյունավետ գործունեության հաշվետվությունը՝ 2019 թվականի բյուջեի կատարողականում
Վերջապես, ի թիվս իշխող ուժի քաղաքական շահերից բխող և այդ ուժի ոչ օբյեկտիվ պատկերացմամբ հրատապություն պահանջող հարցերի, Ազգային ժողովը ժամանակ տրամադրեց ու օրակարգում ընդգրկեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու հարցը։
Մյուս կողմից, եթե նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունն աննախադեպ դրական ցուցանիշներ պարունակեր, դժվար թե Կառավարությունը կարողանար ինքն իրեն զսպել ու համբերատար սպասել պատեհ առիթի՝ այդ արդյունքները լրատվամիջոցներին ու հանրությանը ներկայացնելու և սեփական աշխատանքը գովաբանելու համար։ Աննախադեպություն, ինչ խոսք, կա, բայց ոչ դրական իմաստով։
Առաջնահերթ արձանագրենք՝ 2019 թվականին ներդրումների նպաստումը ՀՆԱ-ի աճին կազմել է -3.1 տոկոսային կետ։ Այսինքն, ներդրումները, որոնք այդքան անհրաժեշտ են հետագա տնտեսական աճի համար, ունեցել են բացասական ցուցանիշ, չնայած որ տնտեսական թռիչքաձև աճն ապահովելու համար իշխանությունները խոստացել էին ներդրումների առատ հոսք։
Բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկման հաշվին տնտեսական աճ ապահովելու վերաբերյալ խոստումները նույնպես չի հաջողվել իրականացնել և դժվար թե հաջողվի ապագայում, քանի որ առաջիկա տարիներին պետք է փորձ արվի վերականգնել Հայաստանի տնտեսությունն այս տարի համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամից: Փոխարենը՝ նախորդ կառավարության կողմից ընդունված որոշումների և պայմանավորվածությունների շնորհիվ՝ տնտեսական աճին նպաստել էին մի շարք ժամանակավոր գործոններ, ինչպիսիք են՝ ավտոմեքենաների ներմուծում, ՀՀ տարածքում վերանորոգում, դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ վերավաճառքի աճ, գործոններ, որոնք, սակայն, պարբերական բնույթ, բնականաբար, չեն կրում, և դրանց ազդեցությունը տնտեսության վրա, կարելի է ասել, մեկանգամյա էֆեկտ ունի։
Ընդհանրապես, հետագայում տնտեսական աճի ցուցանիշներ ունենալու մասին կարելի է իսպառ մոռանալ։ Դա է գուժում նաև կապիտալ ծախսերի ցածր մակարդակը, որը 2019 թվականին կազմել է ՀՆԱ-ի 2.9%-ը, որից, ընդ որում, 0.5%-ը Ռուսաստանի Դաշնությունից ստացված ռազմական վարկի հաշվարկային գումարն է, և որը շարունակում է ավելի ցածր մնալ 2016 և 2017 թվականների մակարդակներից: Կառավարությունը նպատակ ուներ աստիճանաբար ավելացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ նշելով դրանց կարևորությունը երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից, բայց, ինչպես երևում է, ցուցանիշն անկում է ապրել, և, հետևաբար, տնտեսական աճի տեմպի վրա ազդեցությունն էլ եղել է բացասական։ Ի դեպ, կապիտալ ծախսերի իրականացման կարողությունների տեսանկյունից կառավարությունը լուրջ խնդիրներ ունի, քանի որ դրանք արդեն երկրորդ տարին անընդմեջ զգալի թերակատարվում են։ Հատկապես չեն կատարվում արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերը, որոնք հիմնականում հանդիսանում են ենթակառուցվածքային ներդրումային ծրագրեր, ինչով վնաս է հասցվում և՛ ՀՀ տնտեսական աճին, և՛ դոնոր կազմակերպությունների շրջանում ՀՀ միջազգային վարկանիշին:
Արձանագրենք նաև, որ 2019 թվականի պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են գործառնական դասակարգմամբ բոլոր հոդվածներով, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար կարևորագույն ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության ոլորտի մասով։ Նախորդ տարվա բյուջեի ճշտված պլանով նախատեսվել էր իրականացնել 41 միլիարդ դրամ ծախս, որից մի մասը պետք է ուղղվեր ոռոգման համակարգերի գծով, սակայն իրականացվել է մոտ 10 միլիարդ դրամով պակաս ծախս։ Ահա թե ինչ է լինում, երբ որոշում է կայացվում այսուհետ չունենալ գյուղատնտեսության նախարարություն։
Կարծես դիտավորյալ 2019 թվականի բյուջեում ներառված ծրագրերի մեծ մասը չունեն քանակական թիրախներ՝ դրանով առավել անհնարին դարձնելով դրանց արդյունավետության գնահատումը․ ինչպես միշտ՝ միայն դեմագոգիկ ոճով շարադրված խոսքեր։
Այսպիսով, նախորդ տարվա բյուջեի կատարողականի ցուցանիշներն աղաղակում են կառավարության կողմից վարած ոչ արդյունավետ և ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության մասին։ 2019 թվականն առաջին լիարժեք տարին էր, որի ընթացքում նոր ձևավորված իշխանությունները կարող էին և պետք է ցույց տային խոսքը գործի և նշմարելի արդյունքների վերածելու իրենց իրական ցանկությունն ու հմտությունները, սակայն, ինչպես երևում է՝ խոստումները մնացին միայն թղթի վրա, իսկ տարբեր կետերով արձանագրված ցածր ցուցանիշներն ու թերակատարումները պարարտ հող ստեղծեցին, որ այսօր համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները պետությունը գցեն առավել խորը ճգնաժամի մեջ․ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Եթե 2019 թվականի բյուջեի նախագիծը, որը մի շարք մասնագետներ անվանել էին «զգուշավոր», ամփոփվել է նման ցուցանիշներով, ապա կարելի է միայն ենթադրել, թե ինչ պատկեր կունենայինք այս տարվա ավարտին, երբ 2020 թվականի բյուջեով դրված էին ավելի համարձակ թիրախներ։ Ըստ էության, կարող ենք ասել, որ մի հարցում կորոնավիրուսն իր դրական ազդեցությունն ունեցել է․ այն է՝ դարձել է այն փրփուրը, որից կառավարությունը դեռ երկար կփորձի կախվել՝ իր կողմից վարած տնտեսական ձախողված քաղաքականությունը ու, ընդհանրապես, անգործությունը կոծկելու համար։