Բաժիններ՝

Սթափ որոշումների հրամայականը

COVID-19 համավարակը լուրջ տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնեցրել աշխարհին և  առաջիկա մի քանի տարիների կտրվածքով  մտահոգիչ են  ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսական կանխատեսումները:

Ճգնաժամը վերահաստատեց, որ երկրի համար դժվար պահին հանքարդյունաբերությունը փրկօղակ է, որն ապահովում է բյուջետային մուտքերի կայունությունը և հնարավորինս մեղմում տնտեսության կտրուկ անկումը։ Ակնհայտ է, որ առանց հանքարդյունաբերության  բերած արտարժութային ներհոսքերի, բազմապատիկ ծանր է լինելու ֆինանսական հատվածի  և գների կայունության խնդիրը։

Միաժամանակ, մասնավոր տրանսֆերներին և զբոսաշրջության ոլորտում սպասվող անորոշության պայմաններում մետաղական հանքարդյունաբերությունը առաջիկա տարիներին շարունակելու է անվտանգության բարձիկի դեր  կատարել՝ երկրի տնտեսության ու բյուջեում մուտքերի ապահովման համար։

Արդեն իսկ ստեղծված տնտեսական և սոցիալական խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ և իրական ծրագրեր, որոնց լուծման կարևորագույն բանալիներից մեկը կարող է լինել հենց հանքարդյունաբերությունը: Ուստի, այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտություն է առաջացել վերաիմաստավորելու հանքարդյունաբերության ներուժը, վեր կանգնել ոլորտի հասցեին հնչող մակերեսային և դեկլարատիվ տարբեր հայտարարություններից, մշակել և իրականացնել գիտական հիմքով ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն:

Հանքարդյունաբերության դերն անփոխարինելի է լինելու նաև երկրի աճող պետական պարտքը սպասարկելու գործում` որպես ամենամեծ հարկային ծանրաբեռնվածությամբ, ամենամեծ տնտեսական կումուլյատիվ էֆեկտով և արտարժութային պոտենցիալով ճյուղ։

Լիահույս ենք, որ կառավարությունն ու գիտակից հասարակական շրջանակներն այսօր ամբողջությամբ և իրատեսորեն են ընկալում հանքարդյունաբերության անփոխարինելի դերը և պատրաստ են աջակցել՝ բնագավառը անպատասխանատու և ապագիտական թիրախավորումից պաշտպանելու, ոլորտն ի շահ պետության զարգացնելու հարցում՝ հատկապես այն դեպքում, երբ առկա է չօգտագործված ռեսուրս, իսկ, ի հեճուկս տարածված միֆերի, ոլորտում ներդրումներ բերելը պահանջում է ահռելի ջանքեր: Ժամանակն է գիտակցել, որ հանքարդյունաբերության դեմոնիզացիայի արշավին տուրք տալը հարվածում է  հավասարակշռված և դիմացկուն տնտեսություն ունենալու մեր ընդհանուր նպատակին:

Հանքագործների և մետալուրգների միությունն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու ՀՀ կառավարությանը պատասխանատու հանքարդյունաբերության ներդրման ջանքերում՝ ի նպաստ ճգնաժամի  հաղթահարման և երկրի տնտեսական կայունացման:

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս