Մարմնամարզիկները սկսում են զրոյից. Հակոբ Սերոբյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մարզումները վերսկսել են գրեթե զրոյից: Առցանց մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին խոսեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
«Համավարակի ազդեցությունը բոլոր ոլորտների, մասնավորապես, սպորտի վրա շատ բացասական էր: Երբ չենք մարզվում երկու շաբաթ, մեզ մեկ ամիս է պետք լինում վերականգնվելու համար: Մինչ այդ հավաք էինք անցկացնում Թբիլիսում, համավարակի ընթացքում այն զրոյացավ: Սակայն չկա չարիք առանց բարիքի. մեր թիմի՝ ուսի վնասվածք ունեցող երկու տղաներն առավել լավ հետազոտվեցին և վիրահատվեցին»,-ասաց նա:
Սերոբյանի խոսքով` հավաքականը քիչ-քիչ է վերադառնում մարզումային գործընթացին: Այժմ Արթուր Դավթյանը սկսել է հենացատկերի վրա կատարել այնպիսի վարժություն, որը նոր է և հնարավոր է, որ այն կոչվի իր անունով: «Արթուր Դավթյանն ուզում է աշխարհի ամենաբարդ ցատկերից մեկը կատարել Օլիմպիական խաղերում, իսկ ընդհանուր առմամբ երիտասարդներն էլ, պատանիներն էլ նպատակաուղղված մարզվում են: Սակայն դեռևս անորոշ է մնում, թե երբ ենք սկսելու մրցաշարերի մասնակցել: Մենք այժմ ամեն ինչ սկսում ենք զրոյից»,-ասաց մասնագետը:
Նա փաստեց, որ համավարակի ընթացքում մարզիկները և մարզչական շտաբը կարոտել են դահլիճը և մարզումները: Սերոբյանը շեշտեց, որ մարզումներն անցկացվում են պարետատան բոլոր ցուցումներին համապատասխան:
Մարմնամարզիկներն այս տարի կարող են մասնակցել միայն միջազգային մրցաշարերի. Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններ չկան: