«Եղել է պայմանավորվածություն նախագահի և քաղաքական մեծամասնության միջև. դա ենք վիճարկելու». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանի այն հայտարարությունը, թե ամոթ է զգում երկուշաբթի օրը խորհրդարանում տեղի ունեցածի համար, չի կարող խանգարել, որպեսզի նա մասնակցի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց դիմումի քննությանը:
«Չեմ կարծում, որ ամեն մի հայտարարության համար կազմը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե այդպես լինի, կարող է այդ կազմից մարդ չգտնենք, որպեսզի մասնակցի դիմումի քննությանը: Այն մարդիկ, որոնք կներկայացվեն խորհրդարանին, որպեսզի ընտրվեն ՍԴ անդամ, իրենք էլ նման հայատարություն արած կլինեն, հետևաբար՝ իրենք էլ պետք է չմասնակցեն»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է ՍԴ դիմելու ժամկետներին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ԲՀԿ-ական իրենց գործընկերներին այդ մասին տեղեկացրել են, վերջինները նորմալ են արձագանքել:
«ԲՀԿ-ն հավաքել է 25 ստորագրություն, մենք դրա վրա պետք է ավելացնենք այնքան ստորագրություն, որքան որ մենք կստորագրենք, այստեղ խնդիր չկա, մեր մեկ ստորագրությունը 17 է, 17-ը՝ մեկն է, մեզ մոտ այդ առումով խնդիր չկա: Այս ստորագրություններով դիմումը կուղարկվի ՍԴ»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
ԼՀ խմբակցության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ հաճախ են իրենց դիմում հետևյալ հարցով, որ, եթե հանրապետության նախագահը համաձայն է, որ իր լիազորություններից զրկվի և չսորագրի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իրենք ինչո՞ւ են դիմելու ՍԴ՝ այդ հարցը վիճարկելու համար:
«Մենք հանրապետության նախագահին չենք դիտարկում՝ որպես անձ, այլ դիտարկում ենք՝ որպես ինստիտուտ, նախագահը պետք է այդ հակակշռող լիազորությունն ունենա: Ակնհայտ է, որ եղել է պայմանավորվածություն նախագահի և քաղաքական մեծամասնության միջև, որ այդ լիազորությունը նախագահը զիջի: Սակայն սա չի նշանակում, որ մեզ համար սա ընդունելի ձև է, հետևաբար՝ մենք այն վիճարկելու ենք, մենք այդ լիազորությունը վերադարձնելու ենք իր տեղը»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար ԼՀ խմբակցությունը ՍԴ կդիմի հուլիսի 7-ից հետո, երբ Սահմանադրական դատարանը կքննի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը։