Ես՝ որպես իրավաբան ու Սահմանադրության հեղինակներից մեկը, ամոթ եմ զգում երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար. Հրայր Թովմասյան
«ՀՀ գործող Սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով Սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական Սահմանադրական վերահսկողության: Հիմա ես արձանագրում եմ փաստ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ, նման նախագիծ չի քննարկել»,- ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը երեկ Ազգային ժողովն ընդունեց 89 կողմ ձայնով` առանց դեմ և ձեռնպահ ձայների: Նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները: Այդպիսով կդադարեցվի Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես ՍԴ նախագահ, և 9 անդամներից 3-ի` Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի, լիազորությունները:
Անդրադառնալով նախագծին ու նախագծով իր՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը, Հրայր Թովմասյանն ասաց, թե նախագծին ծանոթ չէ: Այս հարցին անդրադառնալով՝ Թովմասյանը կրկին հիշատակեց Սահմանադրությունը, որի համաձայն՝ Սահմանադրական ցանկացած փոփոխություն պետք է ուղարկվի ՍԴ:
«Շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով՝ պիտի ընդամենը ասեմ՝ որպես իրավաբան, երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար՝ որպես իրավաբան, որպես Սահմանադրության հեղինակներից մեկը, ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ընթացող գործընթացի քաղաքական կողմին:
Ըստ Թովմասյանի՝ այն, ինչ տեղի է ունենում ՍԴ-ի շուրջ, իրավական գործընթաց չէ:
«Երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ էս գործընթացը երջանիկ ապրելու համար ա: Ինչ-որ էդպիսի հայտարարություն ականջիս ընկել է, որ էստեղ, ոչ, քաղաքական որևէ բան չկա, սաղ անում են, որ մարդիկ երջանիկ ապրեն: Նենց որ, դուք հավատացեք և վաղվանից երջանիկ եք ապրելու:
Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ էս փոփոխություններից հետո դուք բոլորդ երջանիկ եք ապրելու»,- ասաց նա:
ՍԴ նախագահի խոսքով՝ Հայաստանում նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք:
«Հրայր Թովմասյանի համար՝ նախկին իշխանություն, նոր իշխանություն, հին իշխանություն, իրանց ասածները Հրայր Թովմասյանի համար 100-երորդական էին: Այս ընթացքում պետք է հասկանայիք, որ Հրայր Թովմասյանի համար նշանակություն չունի: Հրայր Թովմասյանը բազմիցս ասել է՝ գլուխը կախ գալիս է, իր աշխատանքը անում է, գնում է»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե տհաճ չէ՞ աշխատել այն պայմաններում, երբ իշխող ուժն անընդհատ ասում է, թե Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ:
Անդրադառնալով այն պնդումներին, թե ՍԴ-ն շահագրգիռ կողմ է և այդ պատճառով չի ուղարկվել, նշեց, որ ՍԴ-ներն այնպիսին են, որ կարող են լուծել նաև իրենց առնչվող հարցերը՝ ավելի մեծ զսպվածություն ցուցաբերելով:
«Չի կարելի, իրավունքը նոնսենսի չի կարելի հասցնել, և իրավաբաններին չի կարելի շփոթել այլ մասնագիտության տեր մարդկանց հետ: Իրավունքն ունի իր սկզբունքները, ունի իր անելիքները, և չի կարելի առաջնորդվել այն կանխավարկածով, որ այստեղ բոլորն իրենց շահից այն կողմ ոչինչ չեն տեսնում և բացառապես իրենց շահով են առաջնորդվում: Այս մոտեցումը կործանարար է ցանկացածի համար, քաղաքական դիսկուրսի համար է սա կործանարար: Ձեզ է վերաբերում, դրա համար չեն ուղարկել: Այդ հարցն իրենց պիտի տաք: Իսկ ԱԺ-ին վերաբերող հարցերն ինչի՞ է ԱԺ-ն քննարկում: Բա իրանց է վերաբերում, եկեք ուրիշ մի հատ ԱԺ ստեղծենք, թող որոշի, իրենց կանոնակարգը ինքը ընդունի»,- ասաց Հրայր Թովմասյանը: