Մոսկվայում կան և՛ Փաշինյանի, և՛ Ծառուկյանի, և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի կողմնակիցներ․ Լեպյոխին
168․am-ի զրուցակիցն է ՌԴ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Լեպյոխինը։
– Պարոն Լեպյոխին, ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից 2 տարի անց ՀՀ ներքաղաքական կյանքը շարունակում է եռալ։ Չնայած այն հանգամանքին, որ երկիրը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ, վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ գրանցվեցին՝ ՀՀ վարչապետը հեռացրեց ուժային կառույցների երեք ղեկավարներին, ապա սկսվեցին քաղաքական-իրավական գործընթացներ ԱԺ-ում մեծությամբ երկրորդ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի դեմ այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ Կառավարությունը պետք է հեռանա, քանի որ տապալել է բոլոր ոլորտներում։ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, կան գործեր նրա դեմ։ ՀՀ իշխանությունները ծրագրել էին նաև սահմանադրական հանրաքվե իրականացնել ապրիլ ամսին ՍԴ նախագահից և որոշ անդամներից ազատվելու նպատակով, սակայն դա արեցին իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունելով, ինչն ընդդիմությունը քննադատում և հակասահմանադրական է որակում։ Ի՞նչ կարծիք ունեք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին, և ինչպե՞ս է Մոսկվան գնահատում այս ամենը։ Հայաստանյան զարգացումներն ինչ-որ կերպ անդրադառնո՞ւմ են երկկողմ հարաբերությունների վրա։
– Սկսեմ նրանից, որ Մոսկվան Հայաստանում ստեղծված իրավիճակը տարբեր կերպ է գնահատում։ Մոսկվայում կան և՛ Փաշինյանի, և՛ Ծառուկյանի, և՛ Քոչարյանի, և՛ ՀՀ նախկին նախագահ Սարգսյանի կողմնակիցներ։ Պաշտոնական Մոսկվան նախընտրում է չմիջամտել անկախ Հայաստանի ներքին գործերին և, ինչպես նկատել եք, պաշտոնական դեմքերից և ոչ ոք չի արել հայտարարություն ՀՀ այս կամ այն քաղաքական գործչի օգտին։
Ավանդաբար Ռուսաստանը և ՀՀ-ում, և աշխարհի այլ երկրներում աջակցում է օրինական իշխանություններին, առավել ևս՝ եթե նրան աջակցում է այդ երկրի հասարակությունը։ Դա աքսիոմա է։ Այդ իմաստով ռուսական կառույցներն անում են ամենը, որպեսզի աջակցեն ժամանակակից Հայաստանի բարգավաճմանը, անձամբ վարչապետին և երկրի այլ ղեկավարներին։
Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ապա այն գրեթե չի տարբերվում մեր իշխանությունների դիրքորոշումից։ Տարբերությունը միայն այն է, որ ՀՀ-ի վերաբերյալ ես արդեն համարյա թե 8 տարի միևնույն գիծն եմ առաջ տանում՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ ձևավորել ժամանակակից և արդյունավետ տնտեսական ռազմավարություն, որը թույլ կտա նրան դառնալ աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրներից մեկը։ Ցավոք սրտի, ես չեմ կարողանում այս միտքը հասցնել ՀՀ իշխանություններին։ Հենց նման ռազմավարության բացակայությունն է երկրում նման քաղաքական կռիվների հիմնական պատճառը։ Եվ այդպես տեղի է ունենում միշտ և ամենուր, որտեղ մարդիկ իրական գործով չեն զբաղված։
– Ռուսական խաղաքարտը մշտապես խաղարկվում է ՀՀ ներքաղաքական կյանքում։ Պնդումներ կան, որ Ռուսաստանը համակրում է և աջակցում ՀՀ ընդդիմադիր ուժերին։ Ներկայումս, Ձեր կարծիքով, ի՞նչ դերակատարություն ունի Ռուսաստանը հայաստանյան ներքաղաքական կյանքում, կամ ունի՞ ընդհանրապես դերակատարություն։
– Կարծում եմ, որ Հայաստանի համար Ռուսաստանի դերակատարությունը միայն մեկն է՝ աշխարհաքաղաքական՝ ՀՀ անկախության երաշխավորի դերակատարությունը, երբ որպես դաշնակից՝ այդ երկրի համար իրական արտաքին սպառնալիք առաջանա։ Այլ քաղաքական դերեր և ինչ-որ լուրջ մասնակցություն Ռուսաստանի կողմից Հայաստանի գործերին ես չեմ տեսնում։ Ամենաշատն առանձին ռուս քաղաքական գործիչների մասնակցությունը ՀՀ գործերին հանգում է միասնական ապաքաղաքական խնդիրների լուծման շուրջ երկկողմ կոմունիկացիաների պահպանմանը։ Ինչպես, օրինակ, հայ-ռուսական երևանյան «Եվրասիական ակումբը» (հիմնադիրներից մեկը ես եմ), որի գործունեությունն ուղղված է ինտեգրացիոն խնդրի շուրջ համատեղ գիտական կոնֆերանսների կազմակերպմանը։
Ուստի բացարձակ սխալ կլիներ պնդել, որ Ռուսաստանը Հայաստանում ընդդիմությանն է աջակցում։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ ՀՀ-ում Ռուսաստանի կողմից այս կամ այն քաղաքական գործչին աջակցելու հարցում առանցքային հարց է այդ երկրի հասարակության կարծիքը։
Հավելեմ՝ Ռուսաստանի բացառիկ դերակատարությունը ՀՀ-ի հետ հարաբերություններում պետք է տեսնել տնտեսության ոլորտում։ Հայաստանյան առաջատար տնտեսագետները հասկանում են, որ ՀՀ տնտեսական աճի գլխավոր գործոններից է ՀՀ մասնակցությունը ԵԱՏՄ-ում և, մասնավորապես, ռուսական շուկայի հասանելիությունը հայկական ապրանքների համար։ Ցավոք սրտի, հայաստանյան ԶԼՄ-ները երկկողմ համագործակցության հենց այդ կարևոր ասպեկտին շատ քիչ ուշադրություն են հատկացնում։
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական բարձրաստիճան հարաբերությունները նոր Կառավարության օրոք։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ հաջողություններ ունի ՀՀ նոր իշխանությունը հայ-ռուսական հարաբերություններում։
– Ես կմիանամ այն գնահատականին, որը հայ-ռուսական հարաբերություններին տրվեց անցյալ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում անցկացված ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, երբ ամփոփվում էին կառույցում ՀՀ նախագահության արդյունքները։ Այն զուտ դրական է: Երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը շարունակվում է, ուստի մենք շարունակում ենք աշխատել: