«Ըստ Սահմանադրության՝ նախագիծն առաջին ընթերցումից հետո պետք է ուղարկվեր ՍԴ, բայց քանի որ այն չի ուղարկվել, արդեն Սահմանադրության խախտում է»․ Այվազյան

Երեկ խորհրդարանն ընդունեց Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, ըստ որի՝ արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները պետք է ազատվեն  իրենց զբաղեցրած պաշտոնից: Նույն նախագծով՝ ազատվում է նաև ՍԴ նախագահը:

Նախագծի քվեարկությանը մասնակցել է միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։
Նախագծի ընդունումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ սկսելու են ստորագրահավաք և դիմելու են Սահմանադրական դատարան՝ նախագծի սահմանադրականությունը  վիճարկելու համար։

Սակայն երեկ երեկոյան  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ իրենք չեն կարող դիմել ՍԴ: «Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով։ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։

Մինչդեռ 168-րդ հոդվածի նշված կետերով սահմանված դեպքերը չեն ներառում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը։

Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015 թվականի խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով»,- գրել էր Մարուքյանը։

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան էլ ֆեյսբուքյան իր էջում պատգամավորների՝ ՍԴ դիմելու երկու տարբերակ էր ներկայացրել.

«Տարբերակ առաջին՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՕՐԵՆՔ է, որը 169-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով կարող է վիճարկվել ՍԴ-ում: Տարբերակ երկրորդ՝ պատգամավորները կարող են 169-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով լիազորությունների մասին վեճով դիմել Սահմանադրական դատարան: Այն, որ լիազորությունների մասին վեճ կա, ավելի քան ակնհայտ է: ԱԺ իշխանական մասը յուրացրել է մյուս մասի՝ ընդդիմության լիազորությունը` զրկելով Սահմանադրական դատարանի եզրակացությունն ունենալու իրավունքից»։

168.am ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագետ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները կարո՞ղ են դիմել ՍԴ, թե՞ ոչ։

«ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ճիշտ էր ասել՝ իրենք չեն կարող դիմել ՍԴ, քանի որ Սահմանադրությունը նման իրավունք չի վերապահում, որ Սահմանադրական փոփոխությունների հարցով դիմեն ՍԴ։ Տրամաբանությունը հետևյալն է, քանի որ, ըստ Սահմանադրության՝ մինչև այդ փոփոխությունների ընդունումը տվյալ նախագիծը պետք է գնա ՍԴ, և լինի ՍԴ որոշում, բնականաբար, իմաստազուրկ և անտրամաբանական է դառնում, որպեսզի նախագծի ընդունումից հետո նորից գնա ՍԴ։ Այս պատճառով էլ Սահմանադրությունը տրամաբանորեն նման իրավունք չի վերապահել ԱԺ պատգամավորների 1/5-ին, որպեսզի նրանք դիմեն ՍԴ»,- նշեց Վարդան Այվազյանը։

Հարցին՝ նույնիսկ 169-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետո՞վ չեն կարող դիմել ՍԴ, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ այս հարցում ելնում են Սահմանադրության տրամաբանությունից, այլ ոչ թե՝ բառախաղից:

«Ճիշտ է, Սահմանադրությունն օրենք է, բայց Սահմանադրությունը հստակ նախատեսում է ՍԴ դիմելու դեպքերը։ 169-րդ հոդվածը տալիս է հիմքերը, որտեղ չի նշվում 168-րդ հոդվածի 2-րդ կետը, որը վերաբերում է նրան, որ մինչև օրենքի ընդունումը պետք է ՍԴ-ին տա որոշում դրա սահմանադրականության վերաբերյալ։ Սա է ամբողջ խնդիրը․եթե օրենքն ընդունողները Սահմանադրությունը խախտել են և ՍԴ-ին շրջանցելով՝ ընդունել են նախագիծը, հետևաբար՝ եթե պատգամվորների 1/5-ը դիմեր ՍԴ, և դիմումը վարույթ ընդունվեր, ուրեմն՝ ՍԴ-ի  կողմից ևս կլինի Սահմանադրության խախտում»,- հավելեց նա։

Հարցին՝ ո՞ր մարմինը պետք է որոշի՝ նախագծի ընդունումն օրինակա՞ն է, թե՞ ոչ, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ըստ Սահմանադրության՝ նախագիծն առաջին ընթերցումից հետո պետք է ուղարկվեր ՍԴ, բայց քանի որ այն չի ուղարկվել, արդեն Սահմանադրության խախտում է: «Մնացած հարցի հետ կապված չեմ կարող ասել՝ ով պետք է որոշի՝ այն օրինակա՞ն  է, թե՞ ոչ, քանի որ նախագիծը ՍԴ չի ուղարկվել»,- նշեց Վ. Այվազյանը։

Ինչ վերաբերում է  այն հանգամանքին, որ նախագիծը ստորագրելու է ոչ թե ՀՀ նախագահը, այլ ԱԺ նախագահը, Վարդան Այվազյանն ասաց, որ այս հարցի հետ կապված պատգամավորները միանշանակ կարող են դիմել Սահմանադրական դատարան, քանի որ նախագծի ստորագրումը ՀՀ նախագահի պարտականությունն է, և դա ամրագրված է Սահմանադրությամբ։

«Եթե փոխում են ԱԺ կանոնակարգ օրենքը, որպեսզի  ընդունված նախագիծը ՀՀ նախագահի փոխարեն՝ ստորագրի ԱԺ նախագահը, դա պետք է Սահմանադրությունը փոխի, այսինքն՝ պետք է նաև Սահմանադրությունը փոխեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Վարդան Այվազյանը նաև ընդգծեց, որ այն դատավորները, որոնք այս նախագծով պետք է թողնեն պաշտոնը, իրենց իրավունքների պաշտպանության համար կարող են դիմել ցանկացած ատյան, ընդհուպ՝ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Տեսանյութեր

Լրահոս