«Չեմ կարող պատկերացնել, թե որևէ մեկը նման բան կաներ Գերմանիայում».  Գոռ Հովհաննիսյան

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ արձակեց նրան։ Դատարանը որոշեց Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառել գրավ 2 մլրդ դրամի չափով։

Այն, ինչ դրանից հետո կատարվեց իշխանության համակիրների ճամբարում, նման էր Պոմպեյի կործանմանը: Տարբեր տրամաչափերի հանրային ու քաղաքական գործիչներ, նրանց հասարակ համակիրներ, ինչպես նաև բազմաթիվ ֆեյքեր, կարծես մեկ կենտրոնից հրահանգ ստացած, սկսեցին հարձակվել դատավորի վրա, ամենավերջին հայհոյանքները տեղալ նրա հասցեին, իսկ տարատեսակ մեղադրանքների երևակայության աստիճանն իսկապես նախանձելի էր:

Այնինչ ի՞նչ էր արել դատավոր Արսեն Նիկողոսյանը. իրականացրել էր արդարադատություն, այն, ինչ պարտավոր է անել ցանկացած դատավոր: Այլ հարց է, որ դատավորը «մոռացել էր» այն համաձայնեցնել որոշակի շրջանակների քիմքին:

Քառատման երեկոն եզրափակվեց Հանրային խորհրդի նախագահի ֆեյսբուքյան գրառմամբ, որում ասված էր. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ երկար ժամանակ պետք է հասկանա, թե ինչ էր անում Ռուբեն Մելիքյանը արդարադատության փոխնախարարի, ապա Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոններում՝ Հրայր Թովմասյանի և Արփինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ, երբ ամեն պատահականության դատավոր էին «կրթում» ու դարձնում: Այսօրվա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այս ամենի մասին շատ լավ տեղյակ են: Դուք վեթինգ չանեք, հաջորդ իշխանությունն է անելու ու ձեզ հիշեցնելու է դա ու բացահայտեն ձեր կապն այս ամենի հետ…»:

Գրառումը լրացված էր լուսանկարով, որում պատկերված էին Արսեն Նիկողոսյանը, Ռուբեն Մելիքյանն ու վերջինիս մանկահասակ որդին:

Մի կողմ թողնենք գրառման բովանդակային մասը, բայց այնուամենայնիվ, արձանագրենք, որ հաստատ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը չէ, որ պետք է գնահատական տա դատավոր Արսեն Նիկողոսյանին ու նրա մասնագիտական գործունեությանը, չանդրադառնանք նաև նրան, որ մեր հասարակության բազմահազար անդամների համար «պատահականություն» է որակվում հենց ինքը՝ Հանրային խորհրդի նախագահը, բայց ամեն դեպքում արձանագրենք, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձին ոչ հարիր բառապաշարով գրված այդ գրառման մեջ խոսքը գնում է իշխանության անկախ ճյուղերից մեկի ներկայացուցչի մասին:

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանին 168.am-ը հարցրեց, թե եթե Գերմանիայում հանրային նման կարևորության պաշտոն զբաղեցնող անձը, ում խնդիրը նաև հասարակության կոնսոլիդացիան պետք է լինի, նման բան իրեն թույլ տար, դրան ինչ կհետևեր։

«Ամեն ինչ կախված է կոնկրետ դեպքի հանգամանքներից. ո՞վ է արել, ի՞նչ է արել, ինչի՞ համար է արել, ի՞նչ իրավիճակում է արել, և այլն: Կարող եմ ասել միայն, որ անձնական տվյալների պաշտպանությունը չափազանց բարձր մակարդակի վրա է այստեղ, դրա համար չեմ կարող պատկերացնել, թե որևէ մեկը նման բան կաներ Գերմանիայում»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատավորներին թիրախավորելու պարագայում պատասխանատվության շատ ավելի խիստ միջոցներ կարող են կիրառվել:

Տեսանյութեր

Լրահոս