«Հերթով բոլոր այդ դեպքերին անդրադարձ կատարվելու է». Ալեն Սիմոնյանը՝ հայտնի ընտրակեղծարարների մասին

Այսօր ՔՊ գրասենյակում  Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողները պատգամավոր Ալեն Սիմոնյանին հարցրին, թե քաղաքացիներին հետաքրքրում է՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների ֆոնին՝ ինչո՞ւ չեն անդրադառնում այն հայտնի ընտրակեղծարարներին, որոնք մուրաբաներ էին բաժանում, որոնց ժողովների ձայնագրություններ էին հրապարակվում:

«Հերթով բոլոր այդ դեպքերին անդրադարձ կատարվելու է, ուղղակի տրամաբանությունը  մի քիչ սխալ է՝ ինչո՞ւ իշխանությունները չեն անդրադառնում, դուք բոլորդ գիտեք, դրա մասին խոսվել է, որ մեր իշխանության ներկայացուցչի հետ կապված քրեական գործի շրջանակներում է հայտնաբերվել հաշվետվությունը, որի հետ կապված քրգործ է հարուցվել: Ի՞նչ ասեինք, սրա  հետ կապված  գործը սառեցնենք, մինչև մյուս գործերն էլ ի հայտ գա՞ն, ում հետ կապված ինչ գործ ի հայտ է գալիս, դրանք համապատասխան ընթացք են ստանում, տարանջատել և բացառել միանշանակ խորհուրդ չեմ տա, վստահեցնում եմ, դրանց հետ կապված քննարկելու թեմա ունենալու ենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանին նաև հարցրին, թե իշխանությունը կաշկանդվածություն ունի՞ անդրադառնալու նաև ՀՀԿ-ի օրոք ԱԺ պատգամավոր ու հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի թույլ տված չարաշահումներին:

«Որևիցե մեկի հետ կապված մենք որևէ մտահոգություն չունենք: Եթե մենք այսօր խոսում ենք, որ ՀՀ-ում երկրորդ ընդդիմադիր խմբակցության  ղեկավարի հետ կապված որևէ մտահոգություն չունենք և օրենքով ենք գնում, ապա ինչո՞ւ, օրինակ, մեկ նախկին պատգամավորի հետ կապված կարող է ինչ-որ մտահոգություն լինել: Նախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրած մարդկանց հետ կապված, նախկին փեսաների, օլիգարխների հետ կապված, եթե չկա, դա չի նշանակում, որ չի լինելու: Ուղղակի կա մի հստակ բան՝ արդյոք այդ պահի դրությամբ կա՞ փաստարկ, թե՞ չկա»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս