«Ահավոր անտարբեր ենք վերաբերվում». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր բևեռի ձևավորման մասին
Այսօր ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողները պատգամավոր Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է իշխանությունը վերաբերվում ընդդիմադիր նոր բևեռի ձևավորմանը, նրանց միջև հուշագիր ստորագրելուն և այն փաստին, որ ընդդիմադիրների օրակարգում իշխանության փոփոխության հարցն է լինելու:
«Անտարբերություն, անտարբերությունն է մեր դիրքորոշումը, որովհետև այդ նույն ճանապարհով գնալը, 30 տարի ՀՀ-ում այ տենց հուշագրեր են ստորագրել, ի դեպ, նույն մարդիկ՝ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» հուշագրեր են ստորագրել, նման գործընթացներ են սկսել: Ահավոր անտարբեր ենք վերաբերվում, ասեմ ավելին, նիստում նման հարց ո՛չ հարցերի միջոցով, ո՛չ քննարկման միջոցով 2 ժամվա ընթացքում նույնիսկ չհնչեց»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ խոսքը «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Մեկ Հայաստան» և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների միջև հնարավոր հուշագրի ստորագրման և ընդդիմադիր բևեռի ստեղծման մասին է: Սա չեն բացառել ո՛չ ՀՅԴ-ից, ո՛չ ԲՀԿ-ից: Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը քննելու ժամանակ դատարանի բակ էին եկել նշված ուժերի ղեկավարները: