«Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել»․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի՝ Մոսկվա չմեկնելու մասին
Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում վարչապետը գրել էր, որ սիրով էր ընդունել առաջարկը, սակայն գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը: Այսօր ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե արդյոք իրավիճակն այնպիսի՞ն է, որ այդ այցը չեղարկվեր, քանի որ այն ժամանակ, երբ վարչապետն ընդունել է առաջարակը, համաճարակային իրավիճակը երկրում ավելի վատ էր, իսկ հիմա թվերն անկում են ապրում:
«Նախ՝ անկման հետ համաձայն չեմ, այսօր 500-ից ավելի դեպք է եղել, ես չեմ համարում, որ դա անկում է, այսինքն ինչի՞ հետ, 700-ի հետ համեմատա՞ծ է անկում, դա անկում չի: Իրականում ամբողջ աշխարհում, ամբողջ աշխարհի ղեկավարներն այդ խնդրի հետ այսօր առնչվում են, Դուք տեսնում եք, որ միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել, այլև շատ ու շատ երկրների: ՀՀ-ում ամեն օր բան է փոխվում, և մենք լիահույս ենք, որ նույնիսկ վաղը մենք այդ թվերի հետ կապված անկում կունենանք, և լուծում կգտնվի»,- ասաց Սիմոնյանը:
Երեկ մամուլը գրեց, որ վարչապետի չմեկնելու պատճառն այն է, որ նրան առաջարկվել է Ռուսաստանում կորոնավիրուսի թեստ հանձնել: Լրագրողի հարցին, թե նման առաջարկ վարչապետին արվե՞լ է, պատգամավորը պատասխանեց.
«Ես չեմ կարող տենց բան ասել, որովհետև վարչապետի աշխատակազմն է դրանով զբաղվում, ես նման տեղեկության չեմ տիրապետում ու չեմ կարող պատասխանել: Կարծում եմ՝ դա չի կարող որևիցե ձևով պատճառ կամ առիթ հանդիսանալ»: