«Չեմ բացառում, որ ՀՀ-ում էլ մենք ունենք մարդիկ, ովքեր, մեղմ ասած, չեն սիրում մեր վարչապետին, մեր գործունեությունը». Ալեն Սիմոնյանը՝ վարչապետին հսկող դիպուկահարների մասին
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Իմ քայլը» խմբակցության հերթական նիստի ժամանակ ՔՊ գրասենյակի մոտակայքում ուղղաթիռ էր նկատվել, տարածքում նկատվել էին նաև դիպուկահարներ: Մեր խմբագրություն ուղարկել էին նկարներ, որոնք չենք հրապարակում, որպեսզի քաղաքացիները չթիրախավորվեն, դիպուկահարներին ֆիքսել էր նաև մեր տեսախցիկը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ թե վախ, անհանգստություն ունե՞ն, ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նախ զարմանք հայտնեց, որ քաղաքացիները չեն վախենում մեր խմբագրություն ուղարկել նկարներ, բայց վախենում են, որ իշխանությունը կիմանա ու կթիրախավորի իրենց:
«ՀՀ-ն, ի դեպ, ով չգիտի, ասեմ, որ գտնվում է պատերազմական դրության մեջ, մենք ունենք բազմաթիվ թշնամիներ, ՀՀ ղեկավարը պետք է լինի ամենապաշտպանված մարդկանցից մեկը, վերջիվերջո, չեմ բացառում, որ ՀՀ-ում էլ մենք ունենք մարդիկ, ովքեր այս գործընթացների շրջանակում, մեղմ ասած, չեն սիրում մեր վարչապետին, մեր գործունեությունը: Ես նույնպես ունեմ, հիմա ինձ հետ Ոստիկանության աշխատակից է, մեկ ամիս է, որ ինձ հետ շրջում է: Ես կարծում եմ, որ վարչապետի անվտանգությունը պետք է ամենաբարձր ձևով ապահովվի»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե պատգամավորն ինչո՞ւ է օգտվում Ոստիկանության ծառայություններից, Սիմոնյանը պատասխանեց, որ իր հասցեին հնչել են անվանական սպառնալիքներ:
«Անվանական սպառնալիքից հետո, որի հետ կապված, իմ ունեցած տեղեկություններով՝ քրեական գործի նյութեր են նախապատրաստվում: Ես իմ ընկերների, բարեկամների խորհրդով եմ այս քայլին գնացել, որովհետև անվանական սպառնալիքներ, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու՝ իմ հասցեին, չեմ ուզում ասել, անուները հայտնի են, դուք էլ գիտեք»,- ասաց պատգամավորը:
Լրագրողի հարցին, թե այն լրագրողները, ում սպառնում են, ևս կարո՞ղ են օգտվել նման ծառայություններից, Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ, իսկ ինքը պետական պաշտոնյա է: Նկատառմանը, որ կանոնակարգով նման բան չի նախատեսվում, Սիմոնյանն արձագանքեց.
«Իմ հետ կապված տենց որոշում է կայացվել: Չկա կարգավորում, որ պետք է ունենա, բայց այնուամենայնիվ, ես պետական պաշտոնյա եմ: Մեծ արտոնություն է, որ փորձում են փրկել իմ կյանքը, առողջությունը, մեծագույն արտոնություն է»,- հեգնեց Սիմոնյանը և հեռացավ:
Լրագրողը պատգամավորին առողջություն մաղթեց: