Բաժիններ՝

«Եթե երկիրը կունենա ավելի էժան գազ ներկրելու հնարավորություն, ապա վճարելով այս սակագները՝ սպառողները կստանան գազ». Գարեգին Բաղրամյան

ՀԾԿՀ այսօրվա նիստում, գազի սակագների հարցի քննարկման ժամանակ, Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հանձնաժողովից հետաքրքրվեց՝ արդյո՞ք  կա  այլ տեղից ավելի նպաստավոր գնով գազ ձեռք բերելու  հնարավորություն։

Ա. Պողոսյանը մասնավորապես հիշեց, որ Ռուսաստանի հետ միջպետական պայմանագրով ֆիքսված է նվազագույն ծավալ, որ Հայաստանը պարտավորվում էր ամեն տարի  գնել Ռուսաստանից. «Ավելցուկը մենք ազատ ենք գնել ցանկացած այլ աղբյուրից՝ կլինի Թուրքմենիա,  Իրան և այլն։ Մենք ունե՞նք այդ հնարավորությունը՝ այլ ալտերնատիվ տեղից նպաստավոր  գնով ձեռք բերել գազ»:

Ի պատասխան՝ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը պարզաբանեց, որ պայմանագրով ծավալային առումով որևէ սահմանափակում չկա. «Կա միայն այնպիսի կետ, որի համաձայն՝ Ռուսաստանից ներկրվող գազի բացառիկ իրավունքը պատկանում է Գազպրոմ Էքսպորտին, բայց այլ տեղերից գազի ներկրման սահմանափակման հարց միջկառավարական պայմանագրով չկա»։

Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը վերահաստատեց Աշոտ Ուլիխանյանի դիտարկումը՝ նկատելով, որ ծավալային առումով որևէ խնդիր չկա: Ըստ նրա,  սահմանված են փոխադրման,  օպերատորի  և բաշխման սակագները: «Այսինքն՝ եթե երկիրը կունենա ալտերնատիվ, ավելի էժան գազ ներկրելու հնարավորություն, ապա վճարելով այս սակագները՝ փոխադրման, բաշխման, օպերատորի ծառայությունների համար, սպառողները կստանան գազ»,- լրացրեց գործընկերոջ միտքը ՀԾԿՀ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս