Բաժիններ՝

«Ավելի նախընտրելի է օգտագործել բժշկական դիմակներ, իսկ եթե կա ֆինանսական հնարավորություն՝ օգտագործել ռեսպիրատոր դիմակներ»

Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ, անդրադառնալով դիմակների կրման անհրաժեշտությանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է՝ տնային դիմակները չեն փոխարինում բժշկական դիմակներին:

«Երբ մենք սկսեցինք խնդրել մեր քաղաքացիներին, հետո պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք՝ եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ օգտագործել տնային օգտագործման դիմակներ, որը, սակայն, երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին։

Սակայն հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ Ես խնդրում և կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին՝ առնվազն այստեղ ներկա, նույն մեր քաղաքացիներին՝ կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է, կրել սովորական բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում։ Կտորի դիմակի այլընտրանք լինելը միայն պետք է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի, և ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով»,- ասել էր նախարարը:

Նկատենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար անդրադառնալով թեմային՝ նշում էր, որ կարելի է ինքնաշեն դիմակներից ևս օգտվել։ Նույն կոչը հնչում էր նաև ԱԻՆ շրջիկ մեքենաներից, որոնք պտտվում էին փողոցներում։

«Մեր վերլուծությունը և մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է 0-ի հասցնել վարակի տարածումը»,- ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ըստ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացիները կարող են անգամ սովորական շարֆն օգտագործել ինքնաշեն դիմակի փոխարեն։

Համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ տեղյակ է միայն այն դիմակների արդյունավետության մասին, որոնց մասին կա գիտական ինֆորմացիա.

«Ժամանակին աշխատանքներ էին արվել նայելու համար, թե այն դիմակները, որոնք դեղատներում վաճառվում են, տարբեր կարգի, այդ թվում նաև՝ ռեսպիրատոր N95 դիմակները, որքանով են առողջ մարդկանց պաշտպանում օդակաթիլային եղանակով տարածվող վիրուսներից (խոսքն այլ վիրուսների մասին է՝ ոչ կորոնավիրուսի):

Ամեն դեպքում՝ հետազոտություններ կային և ցույց էին տալիս որոշակի պաշտպանվածությունը, իսկ N95-ի դեպքում այդ պաշտպանվածությունն է՛լ ավելի բարձր էր՝ համեմատած սովորական բժշկական դիմակների:

Ինչ վերաբերում է սովորական ինքնաշեն կտորից, ռետինից կամ այլ նյութերից սարքված դիմակներին՝ ես չեմ կարող ասել՝ դրանք արդյունավետ են կամ ոչ, որովհետև դրանց արդյունավետությունը ստուգող որևէ աշխատանք ես չեմ տեսել։ Ամեն դեպքում, չեմ էլ համեմատում եղածի հետ, որովհետև համեմատելու համար պետք է ունենաս արված հետազոտությունների ինչ-որ արդյունքներ»:

Վիրուսաբանը նշեց՝ ինքն անձամբ նախընտրում է օգտագործել այն դիմակները,  որոնց արդյունավետության մասին ինչ-որ ինֆորմացիա կա. «Խոսքը սովորական,  դեղատանը վաճառվող դիմակների մասին է»:

«Ավելի նախընտրելի է օգտագործել բժշկական դիմակներ, իսկ եթե կա ֆինանսական հնարավորություն, օգտագործել ռեսպիրատոր դիմակներ՝ հատկապես, որ մարդիկ եթե հիմա նախընտրում են 2000–3000 դրամ տալ՝ ինչ-որ ձևական նախշերով կտորից դիմակ գնել, այդ նույն գումարով կարելի է ռեսպիրատոր դիմակ գնել, որի օգուտը, արդյունավետությունը գիտականորեն ցույց է տրված»,- եզրափակեց Հ. Զաքարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս