«Արթուր Դավթյանը կարող էր ասել, որ նյութերը նախապատրաստվել են միջնադարում կամ մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում». Նաիրա Զոհրաբյանը՝ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացների մասին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, որտեղ քննվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր և մյուս ԲՀԿ-ական պատգամավորների անձնական կյանքի վերաբերյալ տվյալների հրապարակումներին և նախազգուշացումներին, ասաց.
«Ես հույս ունեմ, որ երբևէ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի, բայց եթե հանկարծ համարձակվեն իջնել, ապա դա կլինի իրենց մահապատժի դատավճիռը՝ բարոյական, քաղաքական և իրավական առումով»:
Նաիրա Զոհրաբյանը լրագրողի հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը, և ի՞նչ քայլեր են նախապատրաստել, պատասխանեց, որ չգիտի, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, բայց բոլոր հնարավոր զարգացումների դեպքում իրենք ունեն իրենց մարտավարական քայլերը, որը չհրապարակեց պատգամավորը: Հարցին, թե Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումը որակվել է՝ որպես «դրսից տղա բերելու» վարքագիծ, Զոհրաբյանն արձագանքեց.
«Սա ես համարում եմ պարզ դեմագոգիա: Երեկ, օրինակ, ԵԽԽՎ-ում իմ քաղաքական խումբը, որտեղ ես ու իմ գործընկեր Միքայել Մելքումյանը անդամ ենք՝ պահպանողականների և ռեֆորմիստների խումբը, ծանր և կոշտ հայտարարություն էր տարածել իմ հանդեպ սկսված գործընթացների վերաբերյալ, ինձ զանգահարել են եվրոպական բավականին հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, շատ-շատ լուրջ, առաջիկայում հանդես կգան հարապարակումներով: Նրանք ուշի ուշով հետևելու են թե՛ ԲՀԿ-ի, թե՛ իմ հանդեպ սկսված այս, վստահ՝ քաղաքական գործընթացներին: Ես սա չեմ համարում «դրսից տղա բերել»:
Պատգամավորն ասաց, որ հակառակ դեպքում ինքն անձամբ իր օտարերկրյա գործընկերներին չէր հորդորի, որ առայժմ հայտարարություններով հանդես չգան: Լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվո՞ւմ են հուշագիր ստորագրել ընդդիմադիրների հետ, և հնարավո՞ր է, որ այդ ցանկում լինի նաև ՀՀԿ-ն, Զոհրաբյանը պատասխանեց.
«Նման քննարկումներ Ձեր նշած կուսակցության հետ չեն եղել, չեմ սիրում քաղաքականության մեջ «Կիկոսի մահը», ինչ վերաբերում է այն քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, որոնց հետ մենք արդեն ունենք համագործակցության և համախոհության դաշտ, եթե համագործակցում ենք, ապա պետք է լինի նաև համագործակցության հուշագիր, որտեղ կնշենք մեր մարտավարական և ռազմավարական ծրագրերը»:
Հարցին, թե Զոհրաբյանը բացառո՞ւմ է համագործակցությունը «մերժված» քաղաքական ուժերի հետ, պատգամավորը մի փոքր բուռն արձագանքեց.
«Ծառուկյան Գագիկը այդ հարցին հստակ պատասխանել է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մերժված են ժողովրդի կողմից, մերժված են նաև մեր կողմից: Եթե կարծում եք, որ նույն հարցը տարբեր սոուսներով՝ մանանեխով, առանց մանանեխի, կետչուպով, մայոնեզով, տարբեր անկյուններով տալով՝ ստանալու եք այն պատասխանը, որ ճպացնեք վերնագրեր՝ «Նա չբացառեց», ինձանից առնվազն՝ որպես նախկին լրագրող, չեք ստանալու»:
Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ անդրադարձավ իրենց քաղաքական հակառակորդների այն պնդումներին, որ Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթը պատճառն էր նրա, որ նա արդեն գիտեր իր նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին, և ոչ՝ հակառակը: Լրագրողները հիշեցրին, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հայտարարել էր, որ այս գործընթացները սկսվել են դեռ ամիսների առաջ:
«И ежу ясно, որ այս ամենը սկսվել է Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ հատուկ նիստում հայտնի ելույթից հետո: Արթուր Դավթյանը ինչ ասես կարող էր նշել, որ նյութերը նախապատրաստվել են միջնադարում կամ մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի գրասենյակի խուզարկությանը, որտեղ իր խոսքով՝ ինքը վերջին անգամ եղել է 3 կամ 4 տարի առաջ, պատգամավորն ասաց, որ փնտրել են փաստաթղթեր, որոնք կապացուցեն իր կապն ընտրակեղծիքների հետ.
«Լսեք «Նաիրա Զոհրաբյան և ընտրական կեղծիք», հասկանո՞ւմ եք, եթե 21-րդ դարի աբսուրդների բառարան և կամ հանրագիտարան հրապարակվի… ուրիշ բան չեմ ուզում ասել»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց բոլոր հայտարարությունները մնում են ուժի մեջ: