«Ակնկալում եմ, որ դատախազությունն իր դիրքորոշումից չի շեղվելու, և քաղաքական իրադրության փոփոխության հետ կապված՝ գլխավոր դատախազի դիրքորոշումները նորից չեն փոխվելու»․ Հովհաննես Խուդոյան
«Դատական ակտը հիմա ուժի մեջ է գտնվում, և նշված չափը վճարելու պարագայում պարոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց դա չի սահմանափակում դատական ակտը բողոքարկելու հնարավորությունը: Եթե բողոքարկման արդյունքում այլ որոշում կկայացվի, գումարը ենթակա կլինի վերադարձման»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով երեկ դատավոր Արսեն Նիկողոսյանի կայացրած դատական ակտի մասին, ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ գումարը մուծելու հարցում բարդություն չի առաջանա, որովհետև բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցել այդ հարցում:
Ինչ վերաբերում է Երկրորդ նախագահի գույքի վրա դրված կալանքի խնդրին, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ՀՀ դատարանների, այդ թվում՝ դատավորներ Աննա Դանիբեկյանի և Արսեն Նիկողոսյանի կողմից դեռևս մեկ տարի առաջ ճանաչվել է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքն ապօրինի է:
«Այդ դատական ակտն ուժի մեջ է մտել: Ցավոք սրտի, դատական ընթացակարգերի անկատարությունը հնարավորություն չի տվել անհապաղ վերացնել այդ խախտումը, և արդեն մեկ տարի պարոն Քոչարյանի իրավունքներն այդ առումով սահմանափակված են, և վերջնական որոշում կայացնելու է տիկին Դանիբեկյանը, սակայն առ այսօր հարցը շարունակում է առկախված մնալ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:
Խոսելով դատախազության՝ ակտը բողոքարկելու մասին արած հայտարարության մասին՝ պաշտպանն ասաց, որ ակնկալում է, որ դատախազությունն իր դիրքորոշումից չի շեղվելու, և քաղաքական իրադրության փոփոխության հետ կապված՝ դատախազության, մասնավորապես՝ գլխավոր դատախազի դիրքորոշումները նորից չեն փոխվելու:
Մանրամասները՝ տեսանյութում