«Լիաբանանահայերը պետք է դադարեն արձագանքել համայնքային միջադեպին». Արաքս Փաշայան

Լիբանանում ստեղծված իրավիճակի, հակահայկական դրսևորումների և հայ համայնքի խնդիրների վերաբերյալ 168.am-ը զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ:

Խնդրի պատմությունը

Արաքս Փաշայանը նախ ներկայացրեց խնդրի պատմությունը. «Հունիսին 10-ին լիբանանյան «Ժադիդ» հեռուստակայանի հայազգի հայտնի հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանն իր հյուրի հետ խոսելիս՝ քննադատաբար արտահայտվեց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մասին՝ ներկայացնելով այն՝ որպես նենգ, որից հետո վիրավորական արտահայտություններով մի նամակ ստացավ օգտատերերից մեկից։ Ուղիղ եթերի ժամանակ ընթերցելով նամակը՝ Նշան Տեր-Հարությունյանը վերահաստատեց իր միտքը՝ նշելով, որ նենգ են Էրդողանը, նրա վարչակարգը, օսմանցիները և թուրքերը։ Դրան հաջորդեց Թուրքայի դրոշներով թուրքամետ ցուցարարների բողոքի ակցիան «Ժադիդ» հեռուստակայանի մոտ՝ հայերին ուղղված հայհոյանքներով ու սպառնալիքներով։ Հետագայում թե՛ հաղորդավարը, և թե՛ հայ համայնքի ներկայացուցիչները բազմաթիվ սպառնալիքներ ու հայհոյախառն ուղերձներ ստացան Լիբանանի տարբեր քաղաքացիներից, որոնք ներկայանում էին՝ որպես թուրքեր, օսմանցիների ժառանգորդներ, «մարդինլիներ» և այլն։ Առաջինը Գերմանիայում բնակվող Մունիր Հասան անունով օգտատերն էր, որը խոստովանեց, որ շատ ճիշտ են արել օսմանցիները, որ կազմակերպել են հայերի ցեղասպանությունը։ Շատ անսպասելի ի հայտ եկած խնդիրը շոկային ազդեցություն ունեցավ լիբանանահայության, սփյուռքահայության և ընդհանրապես հայության համար»։

Համայնքի առաջ ծառացած խնդիրները

Նրա խոսքով՝ հայերի համար Լիբանանում ամեն ինչ հեշտ ու սահուն չի անցել, մանավանդ, եթե հղում անենք քաղաքացիական պատերազմին (1975-1990) և այդ տարիներին, մասնավորապես՝ քրիստոնյա մարոնիների կողմից համայնքի հասցեին հնչած սպառնալիքներին. «Բայց դա անցյալում էր, իսկ ներկան տարբեր է, այնքան տարբեր, որ այժմ Լիբանանում քրիստոնեությանն ու քրիստոնյա համայնքներին սպառնացող ընդհանուր վտանգների առաջ քրիստոնյա մյուս համայնքները հայերին կարող են դաշնակից համարել։ Չնայած՝ վստահ եմ, որ համայնքում տեղյակ էին Լիբանանում թուրքամետ շրջանակների և նրանց կենտրոնը համարվող Տրիպոլիի մասին, բայց մեկ օրում լիբանանահայությունն այդ իմաստով իր համար միանգամայն այլ իրավիճակ բացահայտեց՝ շատ մոտ գտնվող ու շատ շոշափելի թուրքական վտանգը»։

Արձագանքը

Արաբագետը նշեց, որ Լիբանանում հայկական ծագում ունեցող առանձին գործիչներ, նաև համայնքի մի շարք երիտասարդներ արաբերենով վիդեոուղերձներ հրապարակեցին լիբանանյան արաբական լսարանի համար. «Դրանց մի մասը հավասարակշռված էր, փորձում էր պարզաբանել հայ համայնքի դերը՝ լիբանանյան խճանկարում, մի մասը՝ ավելի էմոցիոնալ և հարձակողական, ըստ երևույթին՝ կողմերը շոշափում էին միմյանց հնարավորությունները։  Հայաստանյան և ,ընդհանրապես, հայկական լսարանի համար մեկնաբանություններ տվեցին լիբանանահայ գործիչներն ու վերլուծաբանները՝ շատ համակողմանի և պրոֆեսիոնալ ձևով ներկայացնելով իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց պատճառները։ Լիբանանի հայկական ավանդական կուսակցությունները տարածեցին բավականին հավասարակշռված համատեղ մի հայտարարություն»:

Դրան զուգահեռ, ըստ Փաշայանի՝  Լիբանանի հայ համայնքը երկրի թուրքական և թուրքամետ շրջանակներից շարունակում էր ստանալ սպառնալիքներ. «Օգտատերերն իրենց հաղորդագրություններում հայհոյում էին, սպառնում էին հայերին վռնդել Լիբանանից, և այլն։ Ատելության խոսքը, ինչ խոսք, մտահոգիչ է։ Ամեն պարագայում, լիբանանահայերը պետք է անհապաղ դադարեցնեն արձագանքել համայնքային միջադեպին՝ խուսափելով գործընթացի հետագա էսկալացիայից, խնդրի վերաբերյալ նորանոր շահարկումներից, նաև՝ ելնելով անվտանգության երաշխիքների հետ կապված խրթին ու ոչ կայուն իրավիճակից։ Խոսքը, իհարկե, լիբանանահայ գործիչների ու վերլուծաբանների մեկնաբանությունների մասին չէ, որոնք լույս են սփռում ստեղծված իրավիճակի վրա»։

Որո՞նք էին սխալները կամ բացթողումները

Արաքս Փաշայանը լիովին կիսում է հանրաճանաչ ու խարիզմատիկ լիբանանահայ հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանի տեսակետը՝ Էրդողանի տարածաշրջանային քաղաքականության մասին, իսկ որպես հայ մարդ՝ լիովին հասկանում է հայ համայնքի հույզերն ու մտահոգությունները. «Այնուամենայնիվ, որպես հետազոտող, հակված եմ մտածելու, որ պետք է զերծ մնալ որևէ հավաքականության, ազգության ու ժողովրդի մասին ատելության խոսքից։ Օսմանցիներն ու թուրքերը շատ նուրբ հարցեր են արաբական մուսուլմանական ինքնություն ունեցող մի երկրում, որտեղ ապրում են ծագումով թուրքեր՝ թուրքմեններ, իրենց օսմանցիների ժառանգորդ համարողներ, թուրքամետներ, վերջապես՝ մի ստվար սուննի ազգաբնակչություն, և այլն։ Բացի այդ, նման հայտարարությունները վտանգում են նաև Լիբանան-Թուրքիա հարաբերությունները, որն ընթանում է բնականոն ճանապարհով»: Այս ամենը ես ասում եմ դրսից՝ նկատի ունենալով լիբանանյան իրականությունը։

Թուրքական գործոնը Լիբանանում

Արաբագետը նկատեց՝ տարիներ շարունակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հետևողական աշխատանք է տանում Մերձավոր Արևելքում կամ սուննիական աշխարհում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու համար՝ ակտիվորեն ֆինանսավորելով կրթական, մշակութային և սոցիալական տարբեր ծրագրեր. «Թուրքիան լայնորեն աջակցում է կրոնաքաղաքական ուժերին, մասնավորապես՝ «Մուսուլման եղբայրներին», նպաստում տարածաշրջանի կրոնականացմանը, թուրքական քարոզչությանը։ Նման աշխատանքներ Անկարան տևական ժամանակ է՝ ինչ իրականացնում է Լիբանանում, մասնավորապես՝ Տրիպոլիում, որը դարձել է Թուրքիայի հենակետը։ Ինչպես տեղեկացրին մեր լիբանանահայ գործընկերները` Անկարան այստեղ թուրքական անձնագրեր է բաժանում, նույնիսկ թուրքական լիրան է շրջանառվում, և այլն։ Լիբանանում Թուրքիան մրցակցում է իր հակառակորդ Սաուդյան Արաբիայի հետ, որի դիրքերը վերջին տարիներին Լիբանանում որոշակիորեն թուլացել են»:

Լիբանանահայ համայնքի հեռանկարը

Անկախ ամեն ինչից, արագաբետի խոսքով՝ որևէ բան անհնար է փոխել Լիբանանում՝ աշխարհաքաղաքական, սոցիալ-քաղաքական և աշխարհատնտեսական ոչ բարենպաստ գործընթացների ձևավորման և Լիբանանի հայ համայնքի մռայլ հեռանկարի առումով. «Հայ համայնքը թե՛ հիմա, թե՛ ապագայում կարող է բախվել իսլամական տարբեր շրջանակներից եկող անվտանգային խնդիրներին։ Եթե դրան ավելացնենք նաև ահագնացող սոցիալ-տնտեսական, ֆինանսական և այլևայլ խնդիրները, այդ թվում՝ Լիբանանի՝ որպես ձախողված պետության (failed state) համարումը, ապա պարզ է, որ վտանգված է լիբանանահայ համայնքի հեռանկարը։ Սա շատ ցավալի է, որովհետև Լիբանանի հայ համայնքը Սփյուռքի սիրտն է, Սփյուռքի ավանդական և ինստիտուցիոնալ համայնքներից մեկը, որի շրջանակներում ձևավորված մշակութային, կրթական, գիտական և ինտելեկտուալ ձեռքբերումներով և աշխարհի տարբեր մասերում ապրող ու ստեղծագործող, իրենց ոլորտների մեջ հմուտ մասնագետների համարում ունեցող շատուշատ լիբանանահայերով հայությունը դեռ երկար ժամանակ կարող է հպարտանալ։ Առիթ ունեցել եմ ասելու, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքների ոսկեդարն արդեն վերջացած է։ Մերձավոր Արևելքը ներկայումս գտնվում է վերափոխման բարդ գործընթացի մեջ։ Ամեն իմաստով անհանգիստ տարածաշրջանն անվտանգային և այլևայլ տեսանկյուններից այլևս ապահով վայր չէ՝ կրոնադավանական և էթնոդավանական փոքրամասնությունների, առավել ևս՝ քրիստոնյաների համար»։

Թուրքիայի գործոնը

Նա ընդգծեց՝ վերջին տարիներին առավել ևս ակնհայտ է, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում ակտիվորեն վարում է նեոօսմանական քաղաքականություն. «Դա երևում է ամեն տեղ՝ Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում, Եմենում, Պաղեստինում, Հորդանանում և այլուր։ Վերջերս եգիպտական TEN TV-ի հաղորդումներից մեկի ժամանակ նշվեց, որ Էրդողանը տարին 4 միլիարդ դոլար թրաֆիկինգից և սեքս ինդուստրիայից ուղղորդում է սուննիական աշխարհում պրոթուրքական քարոզչությանը։ Անկարան ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել ամբողջ արաբական երկրամասերը՝ որպես օսմանյան ֆորպոստեր։ Ինչպես նշեցինք, այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվել, Թուրքիան այլևս քաղաքական, սոցիալական և տնտեսական ներկայացվածություն ունի արաբական աշխարհում։ Ուզենք թե չուզենք՝ Էրդողանը սուննի աշխարհի անվերապահ առաջնորդներից է»:

Հայաստանի անելիքները

Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, ապա, Արաքս Փաշայանի կարծիքով՝ Հայաստանը պետք է հոգ տանի Սփյուռքի մասին. «Պարզ է, որ Լիբանանի հայ համայնքի հետ կապված հարցերը պետք է մշտապես գտնվեն մեր կառավարության համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում։ Բնականաբար, Հայաստանը պետք է ուշադիր հետևի աշխարհաքաղաքական գործընթացներին, թուրքական լոբբինգի գործողություններին և տարբեր կողմերի հետ աշխատելով՝ փորձի գտնել վտանգների չեզոքացման մեխանիզմներ»:

Տեսանյութեր

Լրահոս