«Չեմ բացառում, որ հենց Մարությանն է իրենց հորդորել. ամեն ինչ արվում է, որ քաղաքապետը հնարավորինս անվերահսկելի լինի». Դավիթ Խաժակյան

«Այսպիսի հակաինստիտուցիոնալ վարքագիծ, որ ցուցաբերում են «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները, դժվար է պատկերացնել»,- օրերս ֆեյսբուքյան էջում գրել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանի առաջարկին՝ փոփոխություն կատարել ավագանու նիստերի անցկացման կարգի մեջ՝ փոխելով հարց տալու, արձագանքելու համար նախատեսված ժամանակը։

«Ավագանու անդամները (ոչ աշխատակազմը), հենց ԱՎԱԳԱՆՈՒ անդամներն են բերել կանոնակարգի փոփոխություն, որով նախատեսվում է սահմանափակել ԱՎԱԳԱՆՈՒ անդամների կողմից աշխատակազմին տրվող հարցերի հնարավորությունը։

Եթե գործող տարբերակով ավագանու անդամներն ունեին յուրաքանչյուր հերթական նիստին աշխատակազմին հարցեր հղելու հնարավորություն, ապա հիմա այդ հնարավորությունը կրկնակի չափով սահմանափակվում է և հասցվում ՏԱՐԻՆ ընդամենը 4 անգամի։

Այսինքն՝ մեծամասնության ավագանու անդամները գտնում են, որ քաղաքացիներին հուզող հարցերը կարող են ավելի քիչ բարձրաձայնվել այս ձևաչափում, որպեսզի աշխատակազմին շատ անհարմարություններ չպատճառեն։

Հիշեցնեմ, որ ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ»,- իր գրառման մեջ նշել էր Դ. Խաժակյանը:

168.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ այս նախագիծը բերվել է, քանի որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները շատ են մտածում աշխատակազմի ծանրաբեռնվածության մասին, Դավիթ Խաժակյանն ասաց.

«Ըստ էության,  փաստարկը դրան է հանգում, քանի որ մենք ներկայումս կանոնակարգով ունենք կարգավորում, որ յուրաքանչյուր հերթական ավագանու նիստի ավարտին տեղի է ունենում հարցուպատասխան (կանոնակարգի իմպերատիվ պահանջն է), և հերթական նիստն էլ, ըստ մեր կանոնակարգի, յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ենք ունենում:

Հիմա իրենք փոխում են ձևակերպումը՝ դարձնելով երկու ամիսը մեկ անգամ, ինչից բխում է, որ մենք ունենալու ենք կրկնակի պակաս հարցուպատասխաններ, և այդ թիվը հանգում է տարին 4 անգամի»:

Հարցին՝ արդյո՞ք հակատրամաբանական չէ ավագանու խմբակցության կողմից նման նախագծի հեղինակումը՝ հաշվի առնելով ավագանու վերահսկողական դերը քաղաքապետի և աշխատակազմի հանդեպ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը պատասխանեց.

«Օրենքը շատ հստակ ամրագրում է, որ ավագանին իրականացնում է աշխատակազմի գործունեության վերահսկողություն, որի կարևոր գործիքներից մեկը հենց հարցուպատասխանն է: Պարզապես չտեսնված երևույթ է, երբ ավագանու անդամները բերում են նախագիծ, որն ի վնաս ավագանու է, և ինչ-որ տեղ գուցե՝  հօգուտ աշխատակազմի:

Այսինքն՝ իրենք իրենց վերահսկողական լծակները զիջում են դրանով, ինչը նշանակում է՝ «Իմ Քայլը» խմբակցությունը չի իրականացնում քաղաքապետի գործունեության վերահսկողություն, ընդհակառակը՝ ամեն ինչ անում է, որ քաղաքապետը հնարավորինս անվերահսկելի լինի:

Եվ իրենց փաստարկին եմ ուզում պատասխանել, թե ավելացրել ենք ելույթների հնարավորությունը, որովհետև մտքերի փոխանակության հնարավորություն է ստեղծվել. Գիտեք՝ իրենցից որևէ մեկը չի կարող ասել, թե՝ եթե ավագանու անդամը ելույթի բովանդակություն ունի, հնարավորություն չի ունենա դա անելու: Անձամբ ես երբևէ տեսակետ կամ դիրքորոշում հայտնելու խնդիր չեմ ունեցել. ես աշխատակազմին հարց ուղղելու խնդիր եմ ունեցել, որը և նվազեցնում են»:

Դավիթ Խաժակյանը հավելեց, որ նախագծից կտուժեն նաև նախագիծն առաջարկած խմբակցության ակտիվ անդամները:

Ըստ նրա՝ մինչև նախագիծը բերվելն այն քննարկվել է քաղաքապետի հետ. «Չեմ բացառում, որ հենց Մարությանն է իրենց հորդորել՝ աշխատակազմի համար, ի վնաս ավագանու վերահսկողության, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել»:

Տեսանյութեր

Լրահոս